«Պատասխանը ցավոտ է լինելու. ներողությունով հայրենիքը ծախելուց չեն պրծնում». Հայկ Մամիջանյան
«Փաշինյանին նախկինների անունից ներողություն խնդրելու իրավունք ոչ ոք չի տվել, թող ինքն իր անունից ներողություն խնդրի։ Իր գործած մեղքերն այնքան շատ են, ինքը նման սովորություն ուներ, չէ՞, գլուխն իջեցնում, ներողություն էր խնդրում, դա քիչ է՝ ծնկաչոքից թող սկսի»,- այս մասին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի գրառման վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի տված մեկնաբանության մասին, թե Նիկոլ Փաշինյանն իր գրառմամբ ներողություն է խնդրում նաև նախկին իշխանությունների համար։
Հայկ Մամիջանյանը մեկ առ մեկ թվարկեց, ապա նշեց, որ «Եռաբլուրն այսքան մեծացնելու, հայրենիքը կորցնելու համար ներողությունը ո՞րն է, դա ներողությունով չի մաքրվում»։
«Սիրում էին, չէ՞, փաստերով խոսել, գնա ներողություն խնդրի, որ հիմա Ղազանչեցոց չենք կարողանում գնալ։ Կիրանցի դպրոցից էին խոսում, թող հենց հիմա գնա, ներողություն խնդրի այն երեխաներից, որոնք գյուլլի բերան դպրոց են գնում։
Իսկ ո՞վ ասաց, որ իրենց երազանքը՝ Հայաստանն իրենց դաչաների չափով, իրական Հայաստանն է, ո՞վ ասաց, որ «Հայոց պատմության» դասագրքի անունը վերափոխում, դարձնում են «Հայաստանի պատմություն»՝ դա մեր ժողովուրդն ընդունում ու մարսում է։ Վստահեցնում եմ, իրենք այս ամենի պատասխանը լսելու են, չգիտեմ՝ երբ են լսելու, կարող է՝ վաղը, կարող է՝ մի քանի օրից կամ մեկ ամսից, բայց այդ պատասխանը ցավոտ է լինելու։ Ներողությունով հայրենիքը ծախելու համար չեն պրծնում»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում