Արդեն 34 երկիր է հայտարարել ԲՐԻԿՍ-ին միանալու ցանկության մասին. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգում կազմակերպության երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ արդեն 34 երկիր հայտարարել է, որ ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ի աշխատանքին։
Նա նշել է, որ կազմակերպության անդամները չէին կարող անուշադրության մատնել բազմաթիվ պետությունների կողմից ԲՐԻԿՍ–ի նկատմամբ աճող հետաքրքրությունը ։
Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը` որպես ԲՐԻԿՍ-ի գործող նախագահ, ընթացիկ տարում մեծ պատասխանատվությամբ է մոտեցել միավորման շրջանակում համատեղ գործունեության կազմակերպմանը:
«Մեր նախագահության վրա հատուկ առաքելություն է դրվել՝ ամեն կերպ նպաստել նոր մասնակից երկրների հնարավորինս արագ և օրգանական ինտեգրմանը ԲՐԻԿՍ–յան բոլոր մեխանիզմներին», – հստակեցրել է նա:
Պուտինը պարզաբանել է, որ կազմակերպությանը մասնակցելու նկատմամբ այլ երկրների մեծ հետաքրքրության պատճառով ԲՐԻԿՍ–ի բոլոր մասնակիցների հետ ակտիվ քննարկվում է, թե համագործակցության ինչ ձևեր և տեսակներ կարող են մշակվել գործընկեր պետությունների հետ։ Այդ հարցերը պետք է հաստատվեն Կազանում հոկտեմբերի վերջին կայանալիք գագաթնաժողովում:
«Օգտվելով առիթից՝ կխնդրեի ձեր երկրների ղեկավարներին փոխանցել, որ մենք նրանց սպասում ենք գագաթնաժողովում, որտեղ նախատեսվում է առարկայական քննարկել ԲՐԻԿՍ-ի մասնակից երկրների համակողմանի գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև հաստատել համագործակցության տարբեր ոլորտների և ուղղությունների վերաբերյալ պայմանավորվածությունների փաթեթը»,- հայտարարել է ՌԴ նախագահը:
Պուտինը ԲՐԻԿՍ-ի պետությունների համատեղ աշխատանքի արդյունքների շարքում նշել է համակարգչային հարձակումների և միջադեպերի վերաբերյալ տվյալների փոխանակման համար հատուկ ռեգիստրի ստեղծումը: Միավորումում ստեղծվում է նաև ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման դեմ պայքարի խորհուրդ, երկրներն արդեն համագործակցում են թմրահանցագործության դեմ պայքարի շրջանակում։
ԲՐԻԿՍ-ը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006 թվականին: Ռուսաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է կառույցի նախագահությունը։ Տարին սկսվել է կազմակերպությանը նոր պետությունների անդամակցությամբ․բացի ՌԴ-ից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և ՀԱՀ-ից, ԲՐԻԿՍ-ի անդամ են դարձել նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան:
ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահությունն ընթանում է արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիություն ամրապնդելու նշանաբանով: Իր նախագահության շրջանակում ՌԴ-ն կազմակերպում է ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և հասարակական միջոցառումներ: