Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանից ATAGS հրետանային կայանքների նոր խմբաքանակ ձեռք բերելու հարցում
Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է Հնդկաստանից լրացուցիչ քանակությամբ 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքների ձեռքբերման հարցում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սուդան Չինոյը։
«ATAGS-ները շատ մանևրող կայանքներ են։ Դրանք արտադրված են Հնդկաստանում և ունեն մեծ հաջողություն։ Հայկական կողմը 6 նման սարք է ձեռք բերել և գոհ մնացել գնումից», – ասել է Սուդան Չինոյը՝ հիշեցնելով, որ Դելին արդեն Երևան է առաքել Swathi ռադիոլոկացիոն համալիրներ, իսկ տվյալ գործարքի արժեքը կազմել է 40 մլն դոլար: Նրա գնահատմամբ՝ հնդկական ՀԿՌՀ-ներն աշխարհում լավագույններից են և մեծ պահանջարկ ունեն:
Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի գլխավոր տնօրենը նաև հավելել է, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել նաև մոտ 250 մլն դոլար արժողությամբ Pinaka բազմափող հրթիռային կայանքների նկատմամբ։ Չինոյը կարծում է, որ Հայաստանը նույնպես պաշտպանական արդյունաբերության զարգացման ներուժ ունի, որը ներկայում կենտրոնացած է ստարտափների վրա։
«Հայաստանում գործում են երեք այդպիսի ընկերություններ, ինչը քիչ չէ, եթե հաշվի առնենք երկրի մասշտաբներն ու բնակչության թիվը։ Հնդկաստանում կա 120 այդպիսի ընկերություն: Այնպես որ, ռազմական տեխնոլոգիաների ոլորտում` հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են ստարտափներին, Երևանն ու Դելին կարող են ակտիվ համագործակցություն հաստատել», – ասել է Չինոյը։
Փորձագետն ընդգծել է, որ Հնդկաստանի ռազմարդյունաբերության զարգացումը երկրի առաջատար ուղղություններից է։
Վերջին շրջանում հնդկական կողմն իրեն դիրքավորվում է ոչ միայն որպես արտադրող, այլ նաև որպես ռազմական արտադրանքի մատակարար՝ միաժամանակ փորձելով ապահովել պաշտպանական ոլորտում մատակարարման շղթայի անվտանգությունը և խրախուսել փոքր ու միջին ձեռնարկություններին: Դելին մինչև 2024 թվականը մոտ 2,5 մլրդ դոլարի պաշտպանական արտադրանք է արտահանել։ 2028 թվականի դրությամբ Հնդկաստանը նախատեսում է այդ ցուցանիշը հասցնել 6,5 մլրդ ԱՄՆ դոլարի։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ 155․5 մլն դոլարի կատարելագործված քարշակվող հրետանային համակարգերը (ATAGS) Երևանը պատվիրել է դեռևս 2022 թվականին։ 155 մմ քարշակվող հաուբիցների առաջին խմբաքանակը՝ բաղկացած 6 միավորից, մատակարարվել է 2023 թվականի օգոստոսին։
Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ 2024-2025 թվականների ֆինանսական տարում Հայաստանի կողմից հնդկական արտադրության սպառազինության գնումների ընդհանուր ծավալը հասել է 600 միլիոն դոլարի։ Հայաստանը 2021 թվականից սկսած Հնդկաստանից ձեռք է բերում հրթիռներ, հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ զինատեսակներ։