«Փաշինյանն ու Ալիևը կտրում են իրենց համար պավադոկ համարվող Արցախի հարցը». Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի կասկածում, որ երեկ ԱԺ-ում իշխանության կողմից հնչած հակաարցախյան հայտարարություններին հետևեն կոնկրետ գործողություններ։
«Բարբարոսական հարձակումը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության վրա, որը տեղի ունեցավ այս ամառ, ցույց է տալիս, որ այս իշխանությունները որևէ բանի առաջ չեն կանգնելու։ Արցախցիներին իրենք դիտում են՝ որպես ռիսկ։
Ելակետը տեսեք, Նիկոլ Փաշինյանը դարձյալ այս դահլիճում հայտարարում էր, որ Արցախի հարցը «պավադոկ» էր Հայաստանի վզին, որ Հայաստանը վերահսկեին, հետևաբար՝ պետք է կտրել՝ կտրեց։ Ինքն էլ էր ուզում կտրել, Ալիևն էլ, և կտրեցին։ Հիմա իրենք հասկանում են, քանի դեռ արցախցիներն այստեղ են, համախմբված են, ունեն օրինական ներկայացուցիչներ, վերադարձի հարցը միշտ բարձրաձայնում են։ Իհարկե, փորձելու է այդ ամենը խեղդել, թույլ չտալ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ընդգծեց, որ Արցախի իշխանությունն ընտրվել է Արցախի ԱԺ-ի կողմից, որտեղ կան երեք դաշնակցականներ, որոնցից մեկը քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում ընտրվեց ԱԺ նախագահ, ով հիմա Բաքվի բանտում է։
«Ի դեպ, Արցախի ԱԺ-ում մեծամասնությունը չէր էլ փոխվել՝ ովքեր ընտրել էին Արայիկ Հարությունյանին, հետո ընտրեցին Սամվել Շահրամանյանին։ Ինքս Արայիկ Հարությունյանի կողմից երբեք չեմ լսել, թե տեղի է ունեցել հեղաշրջում, ինչը շեփորահարում են այս իշխանությունները»,- շեշտեց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում