Ի՞նչ էին անելու, եթե սա էլ չլիներ

Հայաստանն ու Իրանը բնական դաշնակիցներ են՝ ինչպես անվտանգային, այնպես էլ տնտեսական առումով։ Բայց վերջին տարիներին այնպես են արել, որ Իրանի հետ ո՛չ անվտանգային, ո՛չ էլ տնտեսական առումով բացարձակ տեղաշարժ չկա։

Մինչդեռ՝ ժամանակին հայ-իրանական բազմաթիվ, հատկապես՝  տնտեսական ծրագրեր կային։ Գուցե դանդաղ, գուցե ընդհատումներով ու զգուշավորությամբ, այնուհանդերձ դրանք աստիճանաբար առաջ էին գնում։

Վերջին տարիներին ոչ միայն համատեղ որևէ նոր ծրագիր չի նախանշվել, այլև եղածներն են մոռացության մատնել։

Նիկոլ Փաշինյանը, մյուս պաշտոնյաները պարբերաբար հանդիպում, հայտարարություններ են անում հայ-իրանական հարաբերությունների զարգացման, ընդլայնման վերաբերյալ, սակայն փաստացի ամեն ինչ ձևական բնույթ է կրում։

Կարդացեք նաև

Անվտանգայինը դեռ մի կողմ, առաջընթաց չկա նաև տնտեսական հարաբերություններում։

Առևտուրն էլ է նվազել։

Նվազել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Ներմուծումն այս տարվա առաջին կեսին կրճատվել է 7 տոկոսով։ Արտահանումը, չնայած առանց այդ էլ մեծ չէ, էլի է կրճատվել։ Վեց ամսում ընդամենը 53 մլն դրամի արտահանում է իրականացվել իրանական շուկա։ Այն էլ հայտնի է, թե հիմնականում ինչն է եղել՝ գազի հետ փոխանակվող էլեկտրաէներգիան։

Եթե նախկիններից եկած այս մի ծրագիրն էլ չլիներ, հայկական ապրանքների արտահանման ծավալն Իրան մի քանի միլիոն դոլարից չէր անցնի։

Վերջին տարիներին անընդհատ խոսում են Իրանի հետ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու մասին, բայց վեց տարում արտահանումն իրանական շուկան ավելացել է ընդամենը 5 մլն դոլարով՝ 2018թ. առաջին կեսին կազմել էր 48 մլն դոլար, այս տարի դարձել է 53 միլիոն։

Այսպիսի տեմպերով են զարգացնում առևտրային հարաբերություններն Իրանի հետ։

Հայկական ապրանքների համար իրանական շուկայում իրացման նոր հնարավորություններ ստեղծելու փոխարեն՝ խթանել են իրանական ապրանքների ներմուծումը, որը մեր տնտեսությանը շատ քիչ բան կարող է տալ։

Տնտեսության, արտահանման դիվերսիֆիկացիայից են խոսում, իսկ ամենամոտ ու բարեկամ երկրի հետ, որը կարող է լուրջ շուկա լինել հայկական ապրանքների իրացման համար, արտահանումը վեց տարում կարողացել են ավելացնել ընդամենը 5 մլն դոլարով։

Իրանի կշիռը Հայաստանի արտահանման մեջ այս ընթացքում էապես կրճատվել է. վեց տարի առաջ 4,1 տոկոս էր, այսօր դարձել է 0,7 տոկոս։

Վեց տարի է՝ խոսում են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման մասին։ Ամեն տարվա սկզբին հայտարարում են, հույս են հայտնում, որ տարեվերջին գիծը պատրաստ կլինի։ Տարիներն անցնում են, իսկ գիծը չկա։ Հայտնի չէ, այս տարի էլ կլինի՞, թե՞ էլի կհետաձգվի։

2024 թվականն է մոտենում ավարտին, իսկ այս գիծը նախատեսվում էր կառուցել-ավարտել 2019թ.։

Իշխանափոխությունից հետո, ինչպես բազմաթիվ այլ ծրագրեր, այս մեկն էլ հայտնվեց իշխանությունների թիրախում։ Մի պահ նույնիսկ դադարեցվեց։

Ընդհատումներով շարունակվում է մինչև հիմա։

Նախատեսված ժամկետից 5 տարի հետո էլ հայտնի չէ, թե ի վերջո գիծը երբ պատրաստ կլինի։ Մինչդեռ՝ այդ գծի նշանակությունը Հայաստանի համար կարևոր է, հատկապես՝ էներգետիկ անվտանգության առումով։

Ծրագրի շրջանակներում տարեկան 360 մլն խորանարդ մետր գազ է մտնում Հայաստան։ Մի մասն էլեկտրաէներգիայի տեսքով վերադարձվում է, իսկ մյուս, փոքր մասը՝ հայկական կողմի օգուտն է։ Որքան մեծ լինի գազի ներմուծումը, այնքան շատ գազ կմնա Հայաստանին։

Բայց դրա համար պետք է, որպեսզի երրորդ էլեկտրագիծը կառուցվի ու շահագործվի։

Գծի անհրաժեշտությունը դրված է գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի հիմքում։ Իսկ այս ծրագիրը նախատեսված է ավարտել առաջիկա հինգ տարում։ Պայմանագրի ժամկետը մինչև 2030թ. է։

Ինչքան ուշանում է երրորդ էլեկտրագծի շահագործումը, այնքան ծրագրի նշանակությունն ու ակնկալվող արդյունքները նվազում են։ Չնայած արդեն նվազել են՝ նույնիսկ առանց էլեկտրագծի կառուցման ու շահագործման։

Այս իշխանության գլխավոր «ձեռքբերումը» ծրագրի շրջանակներում այն է եղել, որ «հաջողացրել» են փոխել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման հարաբերակցությունը՝ ի վնաս Հայաստանի։ Փոփոխությունից հետո Հայաստանի համար ծրագրի արդյունավետությունը նվազել է. ավելի քիչ գազ է մնում, քան նախկինում էր։

Դրանով հանդերձ, այս ծրագիրը դեռ կենսունակ է, ու սպասվում է, որ երրորդ էլեկտրահաղորդման գիծը կառուցելուց հետո հնարավոր կլինի կրկնապատկել գազի ներմուծումն ու էլեկտրաէներգիայի արտահանումը։

Բայց, ինչպես տեսնում ենք, երրորդ էլեկտրագծի կառուցման ավարտն առայժմ չի երևում, կոնկրետ ժամկետներ այդպես էլ չեն մատնանշվում։

«Մեզ հաջողվեց գրեթե վերջնական փուլ հասցնել Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, և մենք կկարողանանք կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը»,- վերջերս հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանը։

Թե մի քանի ամիս ասվածը դեռ որքա՞ն կտևի, պարզ չէ։

Սա, թերևս, նախկիններից եկած այն միակ համատեղ տնտեսական ծրագիրն է, որը գոնե իրականացվում է Իրանի հետ։ Որևէ այլ համատեղ ծրագիր այս պահին չկա։ Վեց տարում ոչինչ չկարողացան անել նոր տնտեսական ծրագրերի ակնկալիքով՝ գոնե հիմքեր ստեղծելու համար։ Այնինչ՝ ժամանակին երկուստեք բավական ընդգրկուն հետաքրքրություններ կային։ Այդ թվում՝ իրանական գազը Հայաստանի տարածքով արտահանելու, նաև տարածաշրջանային էներգետիկ համագործակցության խորացման առումով։

Այնքան ապաշնորհ գտնվեցին, որ Հայաստանին ընդհանրապես դուրս թողեցին տարածաշրջանային էներգետիկ համագործակցությունից։ Վաղուց արդեն այդ մասին խոսք էլ չկա։

Բացի այն, որ չկարողացան ժամանակին հասնել Իրան-Հայաստան նոր էլեկտրագծի շահագործման, ձախողեցին նաև Հայաստանից Վրաստան գնացող գծի կառուցումը, որը մինչև հիմա չի էլ սկսվել։ Հարց է՝ ընդհանրապես կսկսվի՞, թե՞ չէ։

Այն արդեն կորցրել է իր նշանակությունը։

Հայաստանը, իշխանությունների ապաշնորհության ու անհեռատես արտաքին քաղաքականության հետևանքով, դուրս է մնացել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից՝ զիջելով երբեմնի ունեցած առավելությունները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս