«Ջերմուկը «գցվեց», հետո՝ Տավուշից կտրվեց… թույլ է, աշխարհին ասում է՝ ախպոր պես, մեզ մի՛ կերեք». Վազգեն Մանուկյան

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, տևական ժամանակ է՝ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանից օկուպացրել է 1200-1400 քառակուսի կիլոմետր տարածք։ Ըստ ՀՀ նախկին վարչապետի՝ դա երևում է համակարգչային ծրագրով քարտեզն ուսումնասիրելիս։

«Եթե մենք համակարգչային ծրագրերով դիտարկում ենք ամբողջ Անդրկովկասը, ամեն քառակուսի մետրը գծում ենք, տարածքը՝ նշում, ապա դրանից հանում ենք Վրաստանի, Ադրբեջանի և Նախիջևանի տարածքը, տակը մնում է 31 հազար քառ. կմ, ինչպես 1920-ականներին էր։ Երբ Փաշինյանն ասում է՝ 29 հազար 800 քառ. կմ, նախ 1200 քառ. կմ տարածք պակաս է ասում, և ապա՝ մենք այդպիսի տարածք չենք տնօրինում»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Բագրատյանը։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, առանց հերքելու 1200-1400 քառակուսի կմ տարածքի օկուպացման տակ գտնվելու մասին տևական ժամանակ շրջանառվող այս տեղեկությունը, մեկ շաբաթ առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, թե Ադրբեջանը Հայաստանից օկուպացրել է ավելի քան 200 քառակուսի կմ տարածք, որն ինքը մտադիր չէ հետ բերել ռազմական ճանապարհով։

«Խնդիր չենք դրել Հայաստանից օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերականգնելու հարցը այսօր, վաղը կամ մյուս օրը»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով՝ հույս ունի, որ սահմանագծման և սահմանազատման արդյունքում ադրբեջանական զորքը դուրս կգա այդ տարածքներից։

Կարդացեք նաև

Հայաստանի առաջին վարչապետ, Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը Հայաստանի ղեկավարի մակարդակով նման հայտարարությունը համարում է թշնամու համար նոր տարածք գրավելու քարտ-բլանշ։

«Ջերմուկի մասին խոսում է և ասում, որ մենք պատերազմով չենք վերցնի։ Այդ դեպքում այդ տարածքը վերցնողն ի՞նչ է մտածելու, մտածելու է, որ կարող է էլի տարածք վերցնել ու պահել։ Մինչդեռ պետության ղեկավարը, նույնիսկ թույլ վիճակում գտնվող, պետք է ասի՝ այն, ինչ իմն է, իմն է… Այն, ինչ կատարվում է ՀՀ իշխանության կողմից՝ պետական դավաճանություն է, ինձ համար՝ նաև ազգային, իսկ եթե նա ասում է, որ մեզ համար ձեռնտու չէ, որ արցախցիները վերադառնան Արցախ, ինքը դրանով նաև համամարդկային հանցագործության է դիմում»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանն առաջնորդվում է հայտնի հիմար կկվի տրամաբանությամբ՝ հերթով զոհելով ՀՀ տարածքները։

«Ջերմուկը «գցվեց», հետո Տավուշից կտրվեց… գիտե՛ք, ոչ մի բան այնքան վտանգավոր չէ, որքան թույլ լինելը. թույլ է՝ աշխարհին ուղղակի ասում է՝ մեզ մի՛ կերեք, ախպոր պես»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս