ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ-ի և Եվրաջասթի միջև համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

Հարցը հավանության արժանացավ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում։

Քննարկվող նախագծի բովանդակության վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ Եվրաջասթը հիմնադրվել է 2002 թվականին և հանդիսանում է Եվրոպական միության 27 պետության և դրանից դուրս համագործակցող պետությունների իրավասու մարմինների հետ միջազգային իրավական համագործակցությունը խթանող համաեվրոպական մարմին։

«2021 թվականին Եվրոպական միությունը նախաձեռնել է ԵՄ անդամ չհանդիսացող երրորդ պետությունների հետ, այդ թվում՝ ՀՀ-ի հետ դրա քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրաջասթի միջև համագործակցության մասին համաձայնագրի կնքման բանակցությունները։ Այս բանակցությունները տևել են բավականին երկար. 2022 թվականին ստացել ենք արդեն այդ համաձայնագրի շրջանակը, տեքստային տարբերակը։ Երկար քննարկումներից հետո 2023 թվականի ապրիլի 4-ին Կառավարությունը հավանության է արժանացրել նախագիծը և ապրիլի 5-ին ՀՀ ԱԳ նախարարը Բրյուսելում արդեն ստորագրել է փաստաթուղթը»,-իր խոսքում նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ համաձայնագրի նպատակն է ընդլայնել ՀՀ-ի և ԵՄ անդամ պետությունների պետական մարմինների միջև համագործակցության շրջանակը ծանր հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում՝ նախատեսելով իրավասու մարմինների միջև անձնական տվյալների փոխանցում, ծանր հանցագործությունների՝ մասնավորապես կազմակերպված հանցավորության, ահաբեկչության դեպքերով նախաքննության և քրեական հետապնդում իրականացնելու հարցում ԵՄ անդամ պետությունների և Հայաստանի իրավասու մարմինների գործողություններին նպաստելու և դրանց միջև համագործակցության շրջանակն ընդլայնելու նպատակով։

Նա մանրամասնեց, որ համաձայնագիրը պատշաճ կերպով անցել է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով նախատեսված ներպետական բոլոր ընթացակարգերը, կա նաև Սահմանադրական դատարանի որոշում, որի համաձայն՝ այն չի հակասում ՀՀ օրենսդրությանը, և դատարանն արձանագրել է, որ ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված կետերին։«Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ ձեր դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ»,-եզրափակեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը։Նիստի ընթացքում քննարկվող նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեց նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանը՝ շեշտելով, որ համաձայնագիրը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների և Հայաստանի՝ Եվրոպական միության կառույցներին ինտեգրվելու առումով։

«Սա, ըստ էության, եվրոպական ինտեգրման ևս մեկ շերտ է, և երբ մեր հայրենակիցների հետ շատ հաճախ խոսում ենք եվրոպական ինտեգրման մասին։ Եվրոպական ինտեգրումը հենց այսպիսի գործիքներն են նաև, որոնք մեր իրավապահ համակարգին թույլ է տալու տեղեկատվության արագ փոխանակում ունենալ ԵՄ անդամ երկրների և Եվրաջասթի հետ»,-ասաց Թորոսյանը՝ շեշտելով, որ համաձայնագրի առկայությունը ցույց է տալիս, որ ՀՀ կառավարության՝ եվրոպական ինտեգրման օրակարգն ինտենսիվորեն առաջ է մղվում։Անդրադառնալով դիտարկմանը, թե համաձայնագիրն արդյո՞ք նպատակ է հետապնդում ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ԵՄ անդամն երկրներում՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայնագրի շրջանակներում կարգավորվում է ավելի մանրամասն և առավել անձնական տվյալների պաշտպանությունը, բնականաբար, ակնկալվում են ՀՀ քաղաքացիների վերաբերյալ եվրոպական դաշտում գտնվող տեղեկատվության պաշտպանության առավել բարձր մեխանիզմներ։ 

Հանձնաժողովի քվեարկության արդյունքում որոշումն ընդունվեց 5 կողմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս