Բաժիններ՝

Ավարտվել է ինը քաղաքացուց ավելի քան 342 մլն դրամի հափշտակություններ կատարելու բազմադրվագ վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 2010-2017 թթ. ընկած ժամանակահատվածում Ա.Ա.-ի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ա.Ա.-ն նշված ժամանակահատվածում հափշտակել է քաղաքացիների կողմից բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց նրա տնօրինմանը, տիրապետմանը, օգտագործմանը հանձնված առանձնապես խոշոր չափերի գումարները, ինչպես նաև խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ:

Մասնավորապես՝ Ա.Ա.-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող և սեփականատեր, երկու ՍՊ ընկերությունների հիմնադիր տնօրենը, 2010 թվականից մինչև 2017 թվականի սեպտեմբեր ամիսը նշված շենքի 3 բնակարան և 2 ավտոկայանատեղի ձեռք բերելու դիմաց տուժող քաղաքացուց ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ։ Սակայն հետագայում նշված գումարները նա մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ ու հափշտակելով դրանք՝ տնօրինել է սեփական կարիքների համար՝ այդ կերպ քաղաքացիներին պատճառելով ընդհանուր 277.712.000 ՀՀ դրամ և 24.800 ԱՄՆ դոլարի գույքային վնաս:

Բացի այդ, Ա.Ա.-ն, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով նպատակ ունենալով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գույք, իր իրական մտադրության մասին լռելով և տուժողին մոլորության մեջ գցելով, 2010թ. հոկտեմբերին քաղաքացու հետ կնքելով առուվաճառքի նախնական և նախավճարի խառը պայմանագիր, պարտավորվել է Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի 3 սենյականոց բնակարանը մասնակի հարդարմամբ մինչև 2012 թվականի մայիսի 1-ը հանձնել նրան, որի դիմաց 2010-2011 թթ. վերջինիցս որպես կանխավճար ստացել է 34.000 ԱՄՆ դոլար գումար։

Սակայն տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ քաղաքացուն դիտավորությամբ մոլորության մեջ գցելով, թե նշված բնակարանի նկատմամբ գրանցել է վերջինիս սեփականության իրավունքը, բայց նշվածի կապակցությամբ դիտավորությամբ որևէ գործողություն չանելով, 2015 թ. սեպտեմբերին հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։ Այդ կերպ խարդախությամբ քաղաքացուց հափշտակել է 12.500.000 ՀՀ դրամին համարժեք 34.000 ԱՄՆ դոլար գումար։

Ա.Ա.-ն, մոլորության մեջ գցելով մեկ այլ քաղաքացու, 2008 թ. ապրիլին վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի ապառիկ առուվաճառքի ձևական պայմանագիր և ձեռք է բերել Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 40/1 հասցեում գտնվող 17.1 քմ մակերեսով օժանդակ շինության և 0,01216 հա մակերեսով հողամասի, Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 40 հասցեում գտնվող 151.7 քմ մակերեսով բնակելի տան և 0,01998 հա մակերեսով հողամասի, ինչպես նաև՝ 0,00411 հա մակերեսով ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը։ Դրա դիմաց, ըստ պայմանագրերի, պետք է վճարեր 110.000.000 ՀՀ դրամ, սակայն վճարել է 67.440.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 42.560.000 ՀՀ դրամի փոխարեն խոստացել է հիշյալ տարածքների սեփականատիրոջը, սեփականության իրավունքով, տրամադրել Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2 բնակարան:

Այնուհետև, վստահությունն ամրապնդելու նպատակով, հիշյալ անձին դիտավորությամբ մոլորության մեջ գցելով՝ 2010 թվականի մարտին վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր և խոստացել, որ պայմանագրով սահմանված 2 բնակարանները կտրամադրի նրան: Սակայն հետագայում դիտավորությամբ որևէ գործողություն չանելով, հիշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո, նշված բնակարանները վաճառել է այլ անձանց և այդ կերպ խարդախությամբ քաղաքացուց հափշտակել 42.560.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (յոթ դրվագ) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ):

Դատարանի որոշմամբ ավելի վաղ Ա.Ա.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել և վերջինիս նկատմամբ որպես այլընտրանքային համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը՝ 2․000․000 ՀՀ դրամի չափով, և բացակայելու արգելքը:

Ա.Ա.-ին պատկանող մի շարք անշարժ գույքեր արգելադրվել են։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս