Դատավորի վարքագծի վերաբերյալ ենթադրություններով չեմ կարող խոսել. Հրայր Թովմասյան

«Ես չեմ սիրում ուրիշի ասածները մեկնաբանել. հուսով եմ՝ մի օր առիթ կունենաք իրեն այդ հարցը տալու: Իսկ թե ի՞նչ ճառ էր, ունեմ, իհարկե, ենթադրություններ, բայց նպատակահարմար չեմ համարում դատավորի վարքագծի վերաբերյալ ենթադրություններով խոսել»,-այսօր իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, գործող դատավոր Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով դատավոր Տաթևիկ Գրիգորյանի՝ դատական նիստի ընթացքում կարդացած «ինքնապաշտպանական ճառի» մասին հարցին:

Հրայր Թովմասյանը խոստացավ՝ իր ավարտական ճառում կխոսի ոչ միայն այս գործի՝ քաղաքական ենթատեքստ ունենալու մասին:

«Շատ ավելի համապարփակ հարցերի կանդրադառնամ: Դուք հնարավորություն կունենաք բոլոր հարցերի պատասխանները լսել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դատավորի այն հայտարարությանը, որ դատական նիստերը նաև իր պատճառով չեն կայացել, Հրայր Թովմասյանն ասաց՝ դատավորը որոշակի թվաբանական սխալներ էր անում:

Կարդացեք նաև

«Հարցրեք, թե իմ այդ բացակայություններից քանի՞սն են ճանաչվել անհարգելի: Ընդամենը՝ մի օրինակ: Դատարանին միջնորդում եմ, որ այդ օրը ՍԴ-ում քննվում է ընտրական վեճ, և գործի բարդությունից ելնելով՝ միանշանակ կարող եմ ասել, որ Դատարանը դեռ գտնվելու է կա՛մ քննության փուլում, կա՛մ խորհրդակցական սենյակում: Եվ միջնորդում եմ այդ օրը նիստ չդնել: Ասում է՝ դե, ոչինչ, դնենք այդ օրը նիստ, եթե չեք գա, հարգելի կհամարենք: Հիմա դուք ասեք՝ իմ մեղքո՞վ է, թե՞ ոչ: 4 նիստ եղել է, որ ես եղել եմ եռյակի նախագահողը, և այո՛, նիստերը նշանակել եմ հինգշաբթի օրերը շատ պարզ տրամաբանությամբ: Երեքշաբթի և ուրբաթ օրերը ՍԴ-ում միշտ նիստեր են, չորեքշաբթի օրերը մենք խմբագրում ենք ընդունված որոշումները: Մնում են երկուշաբթի և հինգշաբթի օրերը»,-ասաց Հրայր Թովմասյանը:
Հարցին՝ ինչու էր նախկինում առարկում, որ լուսաբանվեն նիստերը, ՍԴ նախկին նախագահը պատասխանեց՝ ունի երկու խնդիր՝ պայքար՝ դրսում և պայքար՝ մաքուր իրավական, դատարանում:

«Եվ ես կարծում եմ, որ այն արհավիրքները, որոնք Հայաստանին սպառնում են, չպետք է փորձեմ իմ անձով ինչ-որ օրակարգ ստեղծել ու լցնել դրանով: Շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ ինչ-որ մի դատական գործը»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Խոսելով այն հարցի մասին, որ մամուլում եղան հրապարակումներ, որ դատավորի շտապողականությունը պայմանավորված է նրա առաջխաղացման հավանականությամբ, Հրայր Թովմասյանն ասաց՝ ինքը դատավորի վարքագծի վերաբերյալ ենթադրություններով չի կարող խոսել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս