«Խաչակնքվելով եմ հետևել Փաշինյանի ասուլիսին. դա հաշվետվություն էր Ալիևին և Էրդողանին». Լևոն Նազարյան
«Խաչակնքվելով եմ հետևել Փաշինյանի ասուլիսին, որովհետև, դժբախտաբար, ուղերձները, որոնք ավանդաբար Փաշինյանն իր ասուլիսների ժամանակ ունենում է, այսպես ասած, միստիկ նշանակություն են ունենում մեր հասարակության և պետության համար: Փաշինյանը կարծես թե ներկայացնում է այն պլանները, որոնցով ցանկանում է կազմաքանդել մեր պետությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը:
Ըստ նրա՝ Փաշինյանի ասուլիսի ուղերձները հիմնականում երկու հասցեատեր ունեին. «Դրանք ուղղված էին Էրդողանին և Ալիևին և իր աշխարհաքաղաքական տերերին: Ավելի շատ նման էր ՍՊԸ-ի հաշվետվության, որտեղ ինքը ներկայացնում էր իր աշխատանքային հաշվետվությունը: Մի միտք էր կարմիր թելով տանում, որ պետություն ունենալը հավասար է հարկեր տալուն և հարկեր հավաքագրելուն: Այսինքն՝ հիմնական գաղափարներից մեկն այն էր, որ հարկերի հավաքագրումը նույնն է, որ ունենալ պետություն: Այսինքն՝ ինքը չի խոսում պետության գործառույթների մասին:
Փաշինյանի ուղերձներն ուղղված չէին հայ ժողովրդին և այն մարդկանց, ովքեր հայոց պատմության, հավաքական գիտակցության կրողներ են: Ինչ-որ վարչական կատարողի հաշվետվություն էր: Մեզ ուզում էր ասել՝ եթե ուզում եք պետություն ունենալ, պետք է հարկերը խելոք հավաքել և լսել, թե ինչ է ասում Ադրբեջանը, այսինքն՝ ինչ ասում է Ալիևը՝ պետք է խելոք լսեք, ես դրանք իրականացնելու եմ, դուք էլ ձեր համար հարկերը մուծեք, մենք էլ դրանք կհավաքենք, մանկապարտեզ կվերանորոգենք»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին հրաժարվում է ռուսական միջնորդությունից և նախընտրում է Ադրբեջանի նախագահի հետ երկկողմ ձևաչափով շարունակել բանակցությունները, որն ըստ Փաշինյանի՝ արդյունավետ է:
Լևոն Նազարյանը նկատեց՝ չեն կարող լինել բանակցություններ Փաշինյանի և Ալիևի միջև, որովհետև ըստ նրա՝ Փաշինյանն Ալիևի կամակատարն է. «Եթե որևէ մեկն ունի ավելի բարձր կառավարչական դիրք՝ որևէ մեկի նկատմամբ, այդ փոխհարաբերությունները բանակցություններ չեն, դրանք վարչական փոխհարաբերություններ են, որտեղ Ալիևը թելադրում է, թե ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում