Իմ գաղափարակից ոչ մի ծնող պատրաստ չէ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ անգամ նույն օդը շնչել. Արուս Հարությունյան
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների ծնողները, 4 տարի է՝ պայքարում են, որպեսզի Կառավարությունը, ՀՀ համապատասխան կառույցներն ակտիվորեն աշխատեն և տեղեկություններ հայտեն իրենց որդիների գտնվելու վայրի վերաբերյալ։ Նրանք համոզված են, որ իրենց որդիները գերեվարվել են Ադրբեջանի կողմից, որոնց տվյալները Բաքվում թաքցնում են։
Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իրենց ընդունի, սակայն Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ արձագանք չկա։
Վերջերս անհետ կորած զինծառայողների ծնողներին ընդունել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, սակայն դրական որևէ բան չէր ասել և ԱԱԾ տնօրենը, Կառավարության ղեկավարից դարձյալ որևէ արձագանք չի եղել։
Փոխարենը, երեկ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակեց, որով ներկայացնում է, թե ինչպես է ընդունել անհետ կորած երեք զինծառայողների մայրերին։
«Մայրերն ինձ հետ կիսեցին իրենց հույզերն ու ապրումները»,-տեսանյութին կից գրել էր Աննա Հակոբյանը։
Բացի այդ, Աննա Հակոբյանի էջում տեղադրվել էր նաև պատերազմում անմահացած տղաների երեխաների հետ հանդիպման տեսանյութ, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակում» գրված էր, որ «Երեխաներն իրենք են խնդրել, որ Աննա Հակոբյանը ներկա լինի իրենց միջոցառմանը»։
Փաշինյանն ու իր կինը հատկապես 44-օրյա պատերազմի ստորացուցիչ ծրագրված պարտությունից, Արցախի հանձնումից հետո և հիմա լծվել են իրենց անձնական փիառին՝ ինքնագովազդին, քանի որ հստակ գիտեն՝ ինչպես է վերաբերվում հատկապես հայաստանցիների մեծամասնությունն իրենց: Այդ իսկ պատճառով ամենանողկալի տեսարաններն են բեմականացնում՝ դրանցում ներքաշելով զոհվածների ընտանիքներին, երեխաներին…
Ստացվում է, որ, ինչպես հասարակությանն է իշխանությունը բաժանել երկու հատվածների՝ «սևերի» ու «սպիտակների», այնպես էլ՝ պատերազմում անմահացած տղաների ծնողներին՝ Նիկոլ Փաշինյանը, ու իր կինը նրանց մի մասին ընդունելու ժամանակ ունի, մյուս մասին՝ ոչ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հուլիսին, երբ Կառավարության շենքը վերանորոգում էին, Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել էր նախագահական՝ Բաղրամյան 26։ Անհետ կորած զինծառայողների ծնողները, մասնավորապես «Քիմիկների զորմասի»՝ գնացել էին Բաղրամյան, փակել այն, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իրենց ընդունի, սակայն չէր ընդունել։
Ճիշտ է, ծնողներին ոստիկանները հեռացրել էին Բաղրամյան պողոտայից և այն բացել էին, սակայն ո՛չ Նիկոլ Փաշինյանից, ո՛չ էլ նրա աշխատակազմից որևէ պատճառաբանություն չէին բերել, թե ինչու չեն ընդունում անհետ կորած զօնծառայողների ծնողներին։
«Որդիների Կանչ» ՀԿ նախագահ Արուս Հարությունյանի բնորոշմամբ՝ սա Նիկոլ Փաշինյանի և իր կնոջ համար սովորական պրակտիկա է դարձել՝ իրենց քննադատողներին մեժում են, սատարողներին՝ ընդունում։
«Չեմ ուզում որևէ վիրավորական խոսք հնչեցնել այն ծնողների հասցեին, որոնք հանդիպումների մեջ են Աննա Հակոբյանի հետ, պարզապես ուզում եմ ասել, որ պետք է պահեն իրենց արժանապատվությունը։ Ոչ թե պետք է ընկնեն նրա հետևից, այլ պետք է պահանջեն պատժել իրենց որդիների զոհվելու պատճառ դարձած անձին՝ Նիկոլ Փաշինյանին։ Սա մենք չենք ասում, Նիկոլ Փաշինյանն է ինքնախոստովանական ցուցմունք տվել ԱԺ-ում՝ ամբիոնից, ինքն իր բերանով ասել է, որ ինքը չի կանգնեցրել պատերազմը, որովհետև եթե կանգնեցներ՝ «ունենալու էինք նույն ելքը, սակայն առանց զոհերի»։ Իմ գաղափարակից ոչ մի ծնող պատրաստ չէ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ անգամ նույն օդը շնչել։ Աննա Հակոբյանի կողմից երբևէ մեզ հանդիպման առաջարկ չի եղել, լինելու դեպքում էլայն մերժվելու էր։ Իրենք մեղավոր են ու վե՛րջ»,-168.am-ի հետ զրույցում նշեց Արուս Հարությունյանը։
Նա ընդգծեց՝ պատերազմում 5000 զոհի արյունը այդ երկու անձանց՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի վրա է։
«Ով հասկանում է՝ արդեն հասկացել է։ Զոհվածների վրեժխնդիր հարազատները միշտ էլ պատրաստ են պայքարելու։ Այն, որ քիչ ենք, թիկունք չունենք՝ փաստ է, ազգը քնած է, թե մինչև երբ ենք քնելու՝ չգիտեմ։ Ինչը մեր տղաներն են արել, մենք հիմա պետք է շարունակենք, մենք վրեժ ունենք։
Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «մեկ հոգի սպանողը մարդասպան է, մի քանի հարյուր հազարին սպանողը՝ զորավոր», նա տղաներին սպանել է՝ իրեն զորավոր հռչակելու համար։ Երբ 5000 զոհվածների ծնողները հասկանան սա, այդ ժամանակ կհամախմբվեն։ Իսկ պայքարող ծնողները մինչև մահ ու գերեզման պայքարելու են, մենք այդ անձի պատիժը պետք է տեսնենք ու տեսնենք մեր հայրենիքն ամբողջական։ Այս իշխանության վերջը մոտիկ է, ինքը չի կարող այս ճանապարհով երկար իշխանության մնալ»,-եզրափակեց Արուս Հարությունյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող էին կանխել 2020 թվականի 44-օրյա պատերազմը, որի արդյունքում կլիներ նույն վիճակը, սակայն առանց զոհերի։ Նրա այս հայտարարությունից հետո պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները 2022թ. ապրիլի 18-ին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն առ այն, որ Նիկոլ Փաշինյանն է սպանել իրենց որդիներին։ Նրանք հիմք էին ընդունել Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ-ում արած այս հայտարարությունը՝ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, բայց առանց զոհերի»։