Ըստ էության Փաշինյանը ժամանակ է խնդրել Ադրբեջանից. Սահմանադրության ընդունումը տեղի կունենա 2027 թվականին. Վարդան Պողոսյան
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հերթական անգամ անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը՝ հայտարարելով, որ «Հայաստանի հետ «Խաղաղության պայմանագրի» խոչընդոտողը ՀՀ Սահմանադրությունն է»։ Այս նույն հայտարարությունը որոշ ժամանակ առաջ արել էր նաև Ալիևը։
Նշենք, որ Ալիևի ադմինիստրացիային կից գործող ադրբեջանցի վերլուծաբաններն իրենց հարցազրույցներում նախ հայտարարում են, որ կնքվելիք հայտարարությունն ընդամենը մտադրությունների, սկզբունքների մասին արձանագրություն է լինելու, և «Խաղաղության պայմանագիրն» ընդամենն այդ արձանագրության աշխատանքային անվանումն է:
Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրության նախաբանում Հայաստանը «տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին»։ Ադրբեջանի այս թեզը գրեթե նույնությամբ կրկնում է նաև Թուրքիան։
Այս ամենին զուգահեռ՝ Էլչին Ամիրբեկովը բացառել է Երևանի և Բաքվի միջև միջնորդների մասնակցությամբ բանակցությունների կազմակերպումը։
Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է նոր Սահմանադրություն ընդունելու գործընթաց սկսելու մասին։ Իսկ այս տարվա հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ իր ուղերձում ասել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։
Մինչդեռ մայիսին իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության հայեցակարգ չկա, տեքստ չկա, կա քաղաքական խոսույթ, օրակարգ` իր կողմից հայ ժողովրդին առաջարկվող հիմնավորումներով։
Նա նաև ասել էր, որ հանրաքվե կլինի այն ժամանակ, երբ ինքը՝ իր քաղաքական թիմի հետ, զգա, որ ՀՀ ժողովուրդը բավարար չափով պատրաստ է դրան։
ՀՀ իշխանությունները կփորձե՞ն դիմադրել Ադրբեջանի ճնշումներին, թե՞ առաջիկայում ընդառաջ կգան այդ պահանջներին՝ փոխելով ՀՀ Սահմանադրությունը։
Սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանի խոսքով՝ ՀՀ այսօրվա իշխանությունների անկանխատեսելի վարքագծով պայմանավորված, դժվար է որևէ կանխատեսում անել։ Սակայն մեկ բան ակնհայտ է՝ Հայաստանի իշխանությունները շարունակաբար զիջել են՝ կապված, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։
«Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը կգնա նաև սահմանադրական հանրաքվեի կամ Սահմանադրության ապօրինի փոփոխության՝ հանելով նախաբանից ՀՀ անկախության հռչակագրինտված հղումը։
Ակնհայտ է, որ այս իշխանությունները չունեն որևէ ստրատեգիա՝ դիմակայելու այն միացյալ ճնշմանը, որն իրականացնում են Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ։ Այդ երկու երկրները տեսնելով Հայաստանի ապիկար իշխանության քաղաքականությունը՝ գնալով ուժեղացնում են ճնշումը»,-168.am-ի հետ զրույցում նշեց Վարդան Պողոսյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ երբևէ մեկը չի կարող բացառել, որ ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանը կարող է Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագիրը։ Սակայն չի կարծում, որ այդ քայլին Նիկոլ Փաշինյանը կգնա մոտակա ժամանակահատվածում։
«Լրատվամիջոցներում առկա տեղեկատվության համաձայն, ըստ էության Փաշինյանը ժամանակ է խնդրել Ադրբեջանից, որպեսզի այդ փոփոխությունը կամ նոր Սահմանադրության ընդունումն իրականացվի 2027 թվականին։ Այսինքն՝ այն բանից հետո, երբ ինքը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում կհաղթի, սահմանադրական հանձնաժողովը կնախապատրաստի նոր Սահմանադրության համապատասխան տեքստ, իսկ նման հրահանգ Փաշինյանը պաշտոնապես տվել է Սահմանադրական հանձնաժողովին և դա կիրականացնի 2027 թվականին»,-հավելեց սահմանադրագետը։
Հարցին՝ ՀՀ իշխանությունների կողմից Սահմանադրությունը փոխելուց հետո արդյո՞ք Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի Հայաստանին, Վարդան Պողոսյանը պատասխանեց՝ նույնիսկ, եթե վաղը Սահմանադրության նախաբանից հանվի Հայաստանի անկախության վերաբերյալ դրույթը, ԱդրբեջանըՀայաստանի հետ այդ տեքստը չի ստորագրելու։
«Ադրբեջանը տեսել է, որ Հայաստանի իշխանություններից կարող է կորզել մաքսիմալը։ Քանի որ մինչև հիմա Հայաստանն իր քաղաքականությամբ ցույց է տվել, որ պատրաստ է մաքսիմալ զիջումների՝ դա տեղի է ունենալու։ Այնպես որ, Ադրբեջանի պահանջը՝ ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու, ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, բնականաբար, այդ երկիրը շահագրգռված չէ որևէ խաղաղության մեջ։ Ավելին՝ Ադրբեջանի իշխանությունը չի թաքցրել իր նպատակը, որ մի օր վերադառնալու են «Արևմտյան Ադրբեջան»»,-եզրափակեց Վարդան Պողոսյանը։
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի իր «հայտնի»հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հստակ ասել էր՝ պատերազմ կլինի, եթե Անկախության հռչակագրում մնա Արցախի հարցը։