Անկարայի և Բաղդադի հուշագիրը չի նախատեսում Թուրքիայի զինված ուժերի դուրսբերում Իրաքից
Թուրքիայի և Իրաքի միջև անվտանգության ոլորտում հուշագիրը չի նախատեսում թուրքական զինված ուժերի ներկայության դադարեցում Իրաքի տարածքում։ Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի վարչակազմի Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հաղորդագրության մեջ։
«Որոշ զանգվածային լրատվամիջոցների պնդումները, թե Իրաքի և Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագիրը նպատակ ունի դադարեցնելու թուրքական զինված ուժերի ներկայությունն Իրաքում, չեն համապատասխանում իրականությանը: Դրա վերաբերյալ ոչ մի դրույթ չկա: Հուշագրի համաձայն՝ երկու երկրները կստեղծեն համատեղ համակարգող կենտրոն Բաղդադում և նախապատրաստման ու համագործակցության համատեղ կենտրոն Բաշիքայում», – հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն օգոստոսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ «որոշ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված համաձայնագրի տեքստը չի համապատասխանում իրականությանը» և «տարբերվում է ստորագրված տեքստից»։
Բնօրինակն, ինչպես նշել են պաշտպանության նախարարությունում, «ենթադրում է զինծառայողների և իրավապահ մարմինների աշխատակիցների վերապատրաստում, պայքար ահաբեկչական կազմակերպությունների դեմ, սահմանային անվտանգության ապահովում, պայքար անօրինական միգրացիայի, մաքսանենգության և կազմակերպված հանցավորության դեմ և հետախուզական տվյալների փոխանակում»:
Գերատեսչությունում հաստատել են Բաղդադում և Բաշիքայի ռազմակայանում կենտրոնների ստեղծման ծրագրերը: Դրանց հրամանատարությունը կիրականացնեն երկու երկրների կողմից նշանակված գեներալները։
Նաև աշխատանքին կներգրավվի քաղաքացիական անձնակազմ, որի կազմն ու մասնագիտացումը կորոշվի հետագայում։ Կենտրոնների հիմնական խնդիրն է լինելու «սպառնալիքների վերացումը, որոնք ծագում են ահաբեկչական կամ արգելված կազմակերպությունների կողմից, երկու երկրների և տարածաշրջանի ինքնիշխանությանը, անվտանգությանը սպառնացող վտանգների վերացումը»։
Հուշագրի ստորագրման մասին օգոստոսի 15-ին հայտարարել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում կայացած անվտանգության մեխանիզմի բարձր մակարդակի նիստից հետո՝ Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարությունների, պաշտպանության նախարարությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։
Անկարան և Բաղդադն ակտիվացրել են անվտանգության հարցերում փոխգործակցությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրաք կատարած այցից հետո։ Կողմերը համաձայնություն են ձեռք բերել բարձր մակարդակի անվտանգության մեխանիզմի համակարգող կենտրոնի ստեղծման շուրջ: