Ձախերը Մակրոնին սպառնում են իմփիչմենթով, եթե նա հավանություն չտա վարչապետի իրենց թեկնածուին

Ձախ կուսակցությունների «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան օգոստոսի 21-ին նախազգուշացրել է, որ կձգտի հասնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ իշխանությունից հեռացման, եթե նա հավանություն չտա վարչապետի պաշտոնում Լյուսի Կաստեի թեկնածությանը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»  գործակալությունը:

«Եթե Էմանուել Մակրոնը վարչապետ չնշանակի կոալիցիայի թեկնածու Լյուսի Կաստեին, որն ընտրություններում ստացել է ամենաշատ ձայները, ապա մենք «Նոր ժողովրդական ճակատի» հետ հանդես կգանք իմփիչմենթի օգտին», – ասել է «Աննվաճ Ֆրանսիա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մաթիլդա Պանոն։

Նա հիշեցրել է սահմանադրության 68-րդ հոդվածի մասին, ըստ որի՝ խորհրդարանն իրավունք ունի նախագահին հեռացնել իշխանությունից, եթե նա չկատարի իր հիմնական պարտականությունները։

Պանոյի խոսքով՝ նախագահն արդեն ավելի քան մեկ ամիս նոր վարչապետ չի նշանակում Գաբրիել Ատալի կառավարության հրաժարականից հետո։Հարցման համաձայն, որն օգոստոսի 21-ին հրապարակվել է Harris Interactive կայքում, «Նոր ժողովրդական ճակատի» թեկնածու Լյուսի Կաստեն ժողովրդականություն չի վայելում ֆրանսիացիների շրջանում. նա 21-րդ տեղն է զբաղեցնում երկրի վարչապետի պաշտոնում հնարավոր թեկնածուների հավանության վարկանիշային աղյուսակում:

Հարցվածների շուրջ 40 %-ն «ընդհանրապես չի կարողացել արտահայտվել, քանի որ քիչ բան գիտի նրա մասին», գրում է Le Figaro թերթը։

Վարչապետի նշանակման հարցի շուրջ Մակրոնի հանդիպումները կուսակցությունների առաջնորդների հետ կսկսվեն օգոստոսի 23-ին։Հուլիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նախագահամետ «Միասին» կոալիցիան պարտվել է ձախ կուսակցությունների «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքին, որի մեջ մտնում է նաև «Աննվաճ Ֆրանսիան»։

Ոչ մի քաղաքական ուժ չի հասել բացարձակ խորհրդարանական մեծամասնության: Հետևաբար, եթե ձախերը փորձեն Մակրոնին հեռացնել իշխանությունից, ապա նրանց անհրաժեշտ կլինի այլ քաղաքական ուժերի աջակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս