Փաշինյանը հանձնարարել է անհրաժեշտ իրազեկման արշավներ կազմակերպել և տեղեկացնել հանրությանը
Կատարվել են լրացումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը սահմանելու մասին» որոշմամբ սահմանված հավելվածում: Այս մասին հայտարարվեց օգոստոսի 22-ի Կառավարության նիստում:
ՀՀ կառավարության 08.06.2023թ. N922-Ն որոշմամբ սահմանված է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը։ Կարգի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում պարզեցված հաշվառման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ֆիզիկական անձանց հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական գրասենյակից ներկայացվում է «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման» դիմում։
Դիմումը ներկայացնելուց հետո հարկային մարմնի տեղեկատվական համակարգը դիմողին մեկ աշխատանքային օրվա ընթացքում շնորհում է հարկ վճարողի հաշվառման համար։
Էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառումը պարզեցնելու նպատակով նախատեսվում է, որ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձանց կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա ֆիզիկական անձինք հաշվառվելու են հարկային մարմնում։
Որոշմամբ նախատեսվում է, որ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցման դեպքում ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ֆիզիկական անձինք հաշվառվում են հարկային մարմնում՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անձանց կողմից հարկային մարմին ֆիզիկական անձանց վերաբերյալ ներկայացված տեղեկության հիման վրա։
«Պարզ է, որ որոշակի դժգոհություններ լինելու են, բայց ես էլի ուզում եմ, որ մենք հարցը դիտարկենք մեր ռազմավարությունների և հայեցակարգերի տրամաբանությամբ: Մենք կարծում ենք, որ այստեղ պետք է պետական տրամաբանությունն աշխատի և այո՛, պետության կայացման և նրա կարիքների հասցեագրման հարցում բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ տաքսու վարորդներն, օրենքով սահմանված կարգով պետք է մասնակցություն ունենան»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նա հանձնարարել է որոշման հետ կապված անհրաժեշտ իրազեկման արշավներ կազմակերպել և տեղեկացնել հանրությանը: