
Սա ըստ էության տեղեկատվա-քարոզչական քաղաքականության մի նոր գործիք է, որը թերեւս միտված է լինելու նախընտրական քարոզչություն սպասարկելուն. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Կառավարող ուժի ըստ էության նախընտրական տրամաբանության եւս մի գործիք: Կառավարությունը որոշում է կայացրել, որ Հանրային խորհրդի մասին օրենքում կլինեն փոփոխություններ, հին կազմը կցրվի, իսկ օրենսդրության նոր տարրերով՝ կստեղծվի խորհրդի նոր կազմում փաստահավաք առաքելություն:
Ուշադրության առարկան այն է, թե որն է լինելու այդ փաստահավաք առաքելության նպատակը:
«Նախագծի նպատակն է խորհրդի կազմում ձևավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով, որը կուսումնասիրի ՀՀ-ում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածում մարդու իրավունքների հիմնարար և պարբերաբար խախտումները և դրանց վերաբերյալ կկազմի փաստահավաք զեկույց», ասում է արդարադատության փոխնարարը, որը ներկայացրել է օրենքի փոփոխության նախագիծը:
Սա ըստ էության տեղեկատվա-քարոզչական քաղաքականության մի նոր գործիք է, որը թերեւս միտված է լինելու նախընտրական քարոզչություն սպասարկելուն, իհարկե անուղղակի սպասարկելուն: Խոսքը բնականաբար այն սցենարի մասին է, երբ արտաքին զարգացումները կառավարող ուժի համար կառաջացնի արտահերթ ընտրության գնալու անհրաժեշտություն»: