
Ռուսաստանում մեկնաբանել են թուրք-սիրիական կարգավորման գործընթացը

ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը միտված գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թուրքիա-Սիրիա հարաբերությունների կարգավորման համար քննարկումներ են ընթանում ամենաբարձր մակարդակով։ Լավ հիմք է դրվել երկխսության համար, հատկապես Աստանայի ձևաչափի շրջանակներում, որը բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը»։
Նա նաև նշել է, որ Մոսկվան ընդհանուր առմամբ աջակցում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հունիսի 26-ին ընդունելով ՌԴ նախագահի՝ սիրիական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևին, հայտարարել էր, որ Դամասկոսը «բաց է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված բոլոր նախաձեռնությունների առաջ, եթե այդ գործընթացը հիմնված լինի Սիրիայի ինքնիշխանության հարգման և երկրի ողջ տարածքում այն վերականգնելու սիրիական պետության ձգտման վրա»։
Հունիսի 28-ին Էրդողանը հայտնել էր Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին։