
ԻՊԲ-ի հետախուզության ղեկավարն ընդունել է իր մեղքը հոկտեմբերի 7-ի գրոհը չկանխելու համար

Պաշտոնից հեռացող Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գլխավոր շտաբի հետախուզական վարչության հրամանատար գեներալ-մայոր Ահարոն Հալիվան ընդունել է պատասխանատվությունն այն բանի համար, որ Իսրայելը չի կարողացել կանխել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ի հարձակումը: Այս մասին հաղորդել է The Times of Israel պարբերականը:
«ԻՊԲ-ի գլխավոր շտաբի հետախուզական վարչության ձախողման համար պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է ինձ վրա, – ասել է Հալիվան: – Պատասխանատվությունը պարզապես բառ չէ, դա գործողություն է: Ես այդպես եմ դաստիարակվել, ուստի որոշում եմ ընդունել հրաժարական տալ»։
Նա նաև կոչ է արել հիմնել հատուկ քննչական հանձնաժողով, որը կպարզի «բոլոր ասպեկտները, որոնք հանգեցրել են պատերազմի, որպեսզի այն ամենը, ինչ տեղի է ունեցել մեզ հետ, նորից չկրկնվի»։
Հալիվան այս հայտարարությանբ հանդես է եկել օգոստոսի 21-ին՝ ԻՊԲ-ի գլխավոր շտաբի հետախուզության ղեկավարի պաշտոնում իր վերջին ելույթում։ Նա պաշտոնը թողնելու որոշման մասին հայտարարել էր դեռ ապրիլին։ Իսրայելի ռազմական հետախուզության նոր ղեկավար կդառնա գեներալ-մայոր Շլոմի Բինդերը։
Օգոստոսի 21-ին նա հայտարարել է, որ Իսրայելը «կսովորի սխալների վրա և կփոխվի դեպի լավը»: Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է «բոլոր ջանքերը գործադրել Գազայի հատվածում գերության մեջ գտնվող 109 իսրայելցի պատանդներին վերադարձնելու համար»:
2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները ներթափանցել էին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով շուրջ 250-ին։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 40 200-ը։ 2023 թ. նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ընթացքում իսրայելցի պատանդների մի մասը փոխանակվել է Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ։