Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք, 4 բուժառուի մոտ հիվանդությունն ավելի ծանր է ընթանում. Արմեն Մուրադյան

Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք. Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար 2-6 օր է, որոշ դեպքերում կարող է տևել մինչև 14 օր։

Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք: Հոսպիտալացվել է 41 քաղաքացի, նրանց վիճակը հիմնականում միջին ծանրության է, իսկ 4 բուժառուի մոտ հիվանդությունն ավելի ծանր է ընթանում։ Հիվանդությունից արդեն իսկ գրանցվել է 1 մահ` 1938 թվականին ծնված տղամարդ, որն, ըստ աղբյուրի, ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Վարակի հավանական աղբյուր նշվում են թռչունները: Փոխանցողն է` Culex pipiens մոծակը, նշվում է, որ վիրուսը փոխանցողի օրգանիզմում փոխանցվում է սերնդե սերունդ:

Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար 2-6 օր է, որոշ դեպքերում կարող է տևել մինչև 14 օր: Առաջին կլինիկական նշաններն են` գլխացավ, մկանացավ, ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում: Տարեցները և իմունային ընկճվածությամբ անձինք ունեն վարակի նեյրոդեգեներատիվ ձևի զարգացման ավելի մեծ ռիսկ: Հիվանդությունից հետո հիմնականում զարգանում է կայուն, երկարատև հետվարակային անընկալություն:

Նշենք, որ Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում շարունակվում են գրանցվել մարդկանց և կենդանիների մոտ Արևմտյան Նեղոսի տենդի արձանագրման նոր դեպքեր:

Այսպիսով, 2024 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ Գերմանիայում գրանցվել է ձիերի մոտ Արևմտյան Նեղոսի տենդի 4 օջախ։ Երեք օջախ հայտնաբերվել է Բրանդենբուրգում, ևս մեկ օջախ հայտնաբերվել է Սաքսոնիայում։ ԱՄՆ-ում Արևմտյան Նեղոսի տենդի 2024 թվականի առաջին դեպքը գրանցվել է Միչիգանում:

Մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման առանցքային գործիքը փոխանցողի վերահսկումն է:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք կարող եք իրականացնել ձեր տանը և շրջակայքում` մոծակների կուտակման հնարավոր վայրերը չեզոքացնելու համար:

  • Պարբերաբար չորացրեք ջուրը և սրբեք ծաղկամանների տակամանները
  •  Փակեք ջրի տարաները ամուր և հերմետիկ կափարիչներով
  • Մշտապես հետևեք, որ սառնարանների, օդորակիչների, ջրի հովացուցիչների տակ գտնվող տակամանները լինեն մաքուր և չոր
  • Շրջեք կամ ծածկեք այն իրերը, որոնք կարող են ջուր կուտակել, ինչպիսիք են` տակառներն ու խորը տարաները
  • Ծածկեք ջրի բաքերի արտահոսքի խողովակները, բայց թույլ տվեք, որ ջուրը դուրս հոսի
  • Համոզվեք, որ հեղուկ պարունակող պլաստիկ կամ ցանկացած այլ նյութից պատրաստված դեն նետված տարաները պատշաճ կերպով հեռացվում են»:

Տեսանյութեր

Լրահոս