ՀԱՄԱՍ-ը և «Իսլամական ջիհադը» Իսրայելին մեղադրել են հրադադարի համաձայնությունը ձախողելու մեջ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» շարժումներն Իսրայելին մեղադրել են Կատարում բանակցային խմբի հանդիպումից հետո հրադադարի շուրջ համաձայնությունը ձախողելու մեջ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ «ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» ղեկավարությունը օկուպացիայի ղեկավարների վրա է բարդում հրադադարի շուրջ բանակցությունների ձախողման և նախորդ փուլերում ձեռք բերված արդյունքների ճանաչումից հրաժարման պատասխանատվությունը», – ասված է երկու խմբավորումների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը:
Օգոստոսի 15-ին Դոհայում սկսվել է խորհրդակցությունների նոր փուլը՝ նպատակաուղղված Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատմանը։
Բանակցությունների արդյունքների վերաբերյալ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ դրանք ընթացել են դրական մթնոլորտում։ Խորհրդակցությունների ընթացքում ԱՄՆ-ն Կատարի և Եգիպտոսի աջակցությամբ ներկայացրել է առաջարկ, որը կնվազեցնի տարաձայնությունները ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև։
Սակայն ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ամերիկյան նոր նախաձեռնությունը հաշվի է առնում միայն Իսրայելի շահերը։Միջնորդները պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Կահիրեում մինչև ընթացիկ շաբաթվա վերջը։
Հստակեցվել է, որ տեխնիկական խմբերը կշարունակեն մշակել համաձայնագրի հիմնական կետերի իրականացման մեխանիզմները, որոնք այդ թվում վերաբերում են Գազայում պահվող պատանդների փոխանակմանն Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիների հետ և անկլավի հումանիտար իրավիճակին: