Թուրքիայում աճում է զենքի գործադրմամբ բռնությունը
Թուրքիայում անօրինական ճանապարհով զենք-զինամթերքի վաճառքի դեպքերը մեծ անհանգստության են առաջացրել երկրում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ սոցիալական ցանցերում՝ առավելապես «Whatsapp»-ում, հնարավոր է հեշտորեն զենք գնել՝ ատրճանակից մինչև ավելի մեծ տրամաչափի զենքեր:
Գործընթացի հեշտությունը բացատրվում է միակ պարտադիր պայման առկայությամբ, որն է գումարի առկայությունը:
Շեշտվում է նաև, որ նման ճանապարհով զենք ձեռքբերելու շնորհիվ երկրում անվտանգային մակարդակն իջնում է և զենք-զինամթերքի անօրինական վաճառքը հանգեցնում է բազմաթիվ հանցագործությունների:
Որպես օրինակ նշվում է վերջերս Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էդիրնե քաղաքի դպրոցում աշակերտներից մեկի կողմից 14 տարեկան դասընկերոջ սպանությունը:
Թուրքիայում անհատների կողմից զենքի ձեռքբերման դեմ պայքարում հայտնի «Umut» հիմնադրամի տվյալներով՝ Թուրքիայում զենքի կիրառմամբ միջադեպերի թիվը 2023-ին եղել է 3.773: Ըստ նույն աղբյուրի՝ այդպիսի դեպքերի հետևանքով մահացել է 2.318 մարդ, իսկ վիրավորվել՝ 3.820-ը:
Վերջին 10 տարվա ընթացքում նմանատիպ միջադեպերի հետևանքով մահացածների թիվը կազմում է շուրջ 21.500, ինչն էլ հավասար է մինչ օրս ռուս-ուկրաինական հակամարտությունում Ուկրաինայի կրած կորուստների հետ:
«Կասեցնենք կանանց սպանությունները» թուրքական հարթակի տվյալների համաձայն էլ՝ Թուրքիայում միայն 2024-ին սպանվել է 205 կին, որից 120-ի սպանության գործիքը եղել է զենքը:
Թուրքական մամուլում և սոցհարթակներում տեղի ունեցողը հիմնականում բնութագրվել է այսկերպ «Թուրքիայում զենքի գործադրմամբ բռնությունն աճում է», «Թուրքիային սպասվող մեծ վտանգը»: