Բաժիններ՝

Բլինքենը հայտարարել է, որ Իսրայելն ընդունել է Գազայի շուրջ համաձայնության առաջարկը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Իսրայելն ընդունել է Վաշինգտոնի ներկայացրած «կամրջող առաջարկը»՝ ուղղված Գազայի հատվածում հրադադարի գործարքի շուրջ տարաձայնությունների հաղթահարմանը։ Նա կոչ է արել, որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումն անի նույնը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։Բլինքենն օգոստոսի 19-ին հանդիպումներ է անցկացրել իսրայելցի պաշտոնյաների հետ. վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումը տևել է 2,5 ժամ։ 

«Վարչապետ Նեթանյահուի հետ այսօր շատ կառուցողական հանդիպումից հետո նա ինձ հավաստիացրեց, որ Իսրայելն ընդունում է կամրջող առաջարկը, և որ ինքն աջակցում է դրան։ Հիմա հարկավոր է, որ ՀԱՄԱՍ-ն անի նույնը, որից հետո կողմերը միջնորդների՝ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի օգնությամբ պետք է հանդիպեն և ավարտեն այս համաձայնագրով ստանձնած պարտավորությունների իրականացման շուրջ հստակ փոխըմբռնման հասնելու գործընթացը», – հանդիպումներից հետո ասել է Բլինքենը լրագրողներին։

Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ անցյալ շաբաթ Դոհայում անցկացված բանակցությունները դադարել են՝ առանց լուրջ առաջընթացի։ Ակնկալվում է, որ այս շաբաթ բանակցությունները կշարունակվեն Կահիրեում։

Այնուամենայնիվ, հաշտության հասնելու հույսերը քիչ են, իսկ պատերազմի ընդլայնման վտանգները՝ մեծ, քանի որ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է Թել Ավիվում օգոստոսի 18-ի գիշերն իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը և սպառնացել նոր գրոհներ իրականացնել՝ մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ։

Իսկ օգոստոսի 19-ին Իսրայելի հարվածից, ըստ պաղեստինյան առողջապահական իշխանությունների, Գազայի հատվածում առնվազն 30 պաղեստինցի է զոհվել։Կողմերը տարաձայնություններ ունեն Գազայի հատվածում, մասնավորապես՝ Եգիպտոսի հետ սահմանին, Իսրայելի շարունակական ռազմական ներկայության, Գազայի հատվածի տարածքում պաղեստինցիների ազատ տեղաշարժի, ինչպես նաև այն հարցի շուրջ, թե որ բանտարկյալներին և նրանցից քանիսին կողմերը պետք է փոխանակեն։ ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները Վաշինգտոնին մեղադրում են Իսրայելին նախընտրություն տալու մեջ։

«Երբ Բլինքենն ասում է, որ Իսրայելը համաձայնել է, և հետո իսրայելցիներն ասում են, որ կա թարմացված առաջարկ, սա նշանակում է, որ ամերիկացիներն են ենթարկվել Իսրայելի ճնշմանը և ոչ թե հակառակը։ Մենք կարծում ենք, որ սա մանևր է, որն Իսրայելին ավելի շատ ժամանակ է տալիս», – Reuters-ին հայտնել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Օսամա Համդանը։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 40 000-ը։ Անկլավի 2,3 միլիոն բնակիչներից գրեթե բոլորը տեղահանվել են իրենց տներից։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս