Ադրբեջանը գործիք է ՌԴ ձեռքին, որ ստիպի Հայաստանին՝ չպոկվել Ռուսաստանից. Արմեն Բաղդասարյան

«Հայաստանի իշխանությունների այն քաղաքականությունը, որ, պատկերավոր ասած՝ եթե նապաստակն իրեն խելոք պահի, գայլն իրեն չի ուտելու, դա որևէ արդյունք տալ չի կարող: Այսինքն՝ ցանկացած պահի, անկախ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից, եթե Ադրբեջանին պետք լինի, կարող են սրել իրավիճակը, անգամ՝ ռազմական գործողություններ հրահրել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններին, թե իբրև հայկական կողմից կրակում են ադրբեջանական այս կամ այն դիրքի ուղղությամբ:

«Ադրբեջանն անընդհատ թեժ է պահում իրավիճակը, հիշեցնում կամ օգնում են Հայաստանի իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան վախի մեջ պահել սեփական հասարակությանը, որպեսզի հասարակությունն էլ ավելի հեշտորեն տանի այն միակողմանի զիջումները, որոնց այս իշխանություններն ակնհայտորեն պատրաստվում են գնալ»,- շեշտեց վերլուծաբանը:

Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ պատերազմը կամ խաղաղությունն Ադրբեջանի համար միջոց են՝ հասնելու նպատակներին. «Հարմար կլինի այդ նպատակներին հասնել պատերազմի միջոցո՞վ, կանի դա պատերազմի միջոցով, կկարողանա դա անել խաղաղ բանակցությունների միջոցով Հայաստանին պարտադրելո՞վ, կգնա այդ ճանապարհով: Մեր իշխանությունների համար է գերնպատակ՝ խաղաղություն ցանկացած գնով, իրենց համար դա միջոց է: Ադրբեջանը փաստացի Հայաստանից ուզում է Սյունիքի մարզն ամբողջությամբ, Սևանի ավազանի մի մասը, մի խոսքով՝ 300 հազար «փախստականների» վերաբնակեցման միջոցով՝ փաստացի տիրանալ Հայաստանի կեսին, մյուս կեսը դարձնել ոչ կենսունակ վասալային պետություն՝ կախված Թուրքիայից և Ադրբեջանից»:

Կարդացեք նաև

Ռուսաստանի նախագահ Պուտինը գտնվում է Բաքվում. նա 2024 թվականին արդեն երրորդ անձնական հանդիպումն է ունենում Ալիևի հետ: Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ հանդիպման օրակարգի առանցքային խնդիրներից են խաղաղության պայմանագրի ստորագրումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի խթանումը, տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի ապաշրջափակումը` հիմնված 2020-2022 թվականներին հայտնի եռակողմ համաձայնագրերի հիման վրա։

Արմեն Բաղդասարյանը մեկնաբանեց, թե ինչու է Պուտինն այդպես ինտենսիվ հանդիպումներ ունենում Ալիևի հետ:

«Ռուսաստանը համարում է, որ Հարավային Կովկասում առաջատարն Ադրբեջանն է, առաջին հերթին՝ հենց այն պատճառով, որ խաչմերուկը կա, և այն անցնում է Ադրբեջանով: Ադրբեջանն այն գործիքն է, որը կարող է ստիպել Հայաստանին՝ չպոկվել Ռուսաստանից: Տեսեք՝ ինչպես է վարվում Ռուսաստանն այն երկրների հետ, որոնք փորձում են պոկվել դեպի Արևմուտք: Եթե Ռուսաստանն անմիջապես ցամաքային սահման ունի, օրինակ՝ Ուկրաինան կամ Վրաստանը, երկու դեպքում էլ Ռուսաստանն անմիջապես շատ կոշտ ռազմական միջամտությամբ Ուկրաինայում և Վրաստանում էլ ներկայացվածություն ունի: Իսկ այն երկրների դեպքում, որտեղ Ռուսաստանն անմիջապես սահման չունի, գործում է պրոքսի մեթոդներով, մեր դեպքում այդ գործիքն Ադրբեջանն է: Ադրբեջանն էլ Ռուսաստանից շատ լուրջ գին է ուզում: Ադրբեջանը Ռուսաստանից ուզում է ինչ-որ բան, որպեսզի որպես գործիք օգտագործվի, իսկ Արևմուտքից էլ ինչ-որ բան ուզում է, որպեսզի որպես գործիք չօգտագործվի Ռուսաստանի ձեռքին: Շատ լավ առևտուր է անում, դրա համար էլ Ադրբեջանը դարձել է կարևոր երկիր Հարավային Կովկասում»,- պարզաբանեց նա:

Քաղաքական վերլուծաբանը նկատեց՝ Փաշինյանի իշխանությունը որդեգրել է հանձնվելու քաղաքականություն.

«Իսկ երբ դու հանձնվում ես, քեզ դաշնակիցներ պետք չեն: Եթե դիմադրում ես, այդ դեպքում քեզ դաշնակիցներ են պետք: Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում հենց այդպես էլ ասաց՝ մեր արտաքին քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ հնարավորինս քիչ ունենանք դաշնակիցների կարիք: Այդ պարագայում փաստացի հնարավոր չէ գոյություն ունենալ որպես պետություն. Թղթի վրա կամ Փաշինյանի ցույց տված թիթեղյա կտորի վրա ձևականորեն գուցե հնարավոր է, թե ինչ տարածքով, հայտնի չէ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս