Հիմա ինչ՝ քննադատելու ենք Պուտինի՞ն ու Ալիևի՞ն, ովքեր փորձում են ռացիոնալ, ռեալիստական դիրքերից ընդհանուր օրակարգ ձևավորել, թե՞ քաջություն ենք ունենալու խոսել Հայաստանի գործող իշխանության ապիկար քաղաքականության մասին. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «Պուտինի՝ Բաքու այցին ընդառաջ

«Ռուսաստանը պատրաստ է շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Հիմնական խնդիրներն են մնում խաղաղության պայմանագրի ստորագրումը, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի խթանումը, տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի ապաշրջափակումը տարածաշրջանում հայտնի եռակողմ համաձայնագրերի հիման վրա ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ։
Հայ-ադրբեջանական կարգավորումը լինելու է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների թեմաներից մեկը»։

Այդպիսի հաղորդագրություն է տարածել Կրեմլը՝ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այսօր տեղի ունենալիք այցից առաջ:

Իհարկե, Հայաստանի խիստ հայտնի և որոշակի շրջանակներ հիմա աղմուկ են բարձրացնելու՝ խոսելով առաջիկա օրերին սպասվելիք ռուս- ադրբեջանական հակահայկական գործարքի մասին:

Բայց առաջարկում եմ գործընթացներին ավելի սթափ նայել՝ էմոցիաներին տուրք տալու փոխարեն:

Ռուսաստան- Արևմուտք գլոբալ հակադրության պայմաններում այլևս գոյություն չունի Մինսկի խմբի ձևաչափը: Մի կողմից, Ռուսաստանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հարաբերությունները զրոյական արդյունք ունեն բոլոր տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, ավելին՝ աշխարհաքաղաքական կենտրոնները միանգամայն տարբեր պատկերացումներ ունեն թե տարածաշրջանի անվտանգության համակարգի և թե հայ-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ:

Դժբախտաբար, պետք է արձանագրել, որ 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո, Հայաստանը միջազգային հարաբերություններում կորցրել է իր սուբեկտությունը՝ վերածվելով օբյեկտի:

Ինչքան էլ ծանր է խոստովանելը՝ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները գերադասում են, առաջին հերթին, պայմանավորվել Ադրբեջանի հետ, մանավանդ, որ Հայաստանում գործում է մի իշխանություն, որը չունի ադեկվատության որևէ հատկանիշ:

Եթե ոմանց թվում է՝ ԱՄՆ-ի առաջարկած «Միջին միջանցքի»(որի մաս է «Զանգեզուրի միջանցքը») գաղափարը՝ որպես հայ-ադրբեջանական կարգավորման ելակետ, ավելի լավն է, քան Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումները, ուրեմն՝ այդ մարդիկ գրեթե ոչինչ չեն հասկանում միջազգային հարաբերություններից կամ դրանք դիտարկում են աշխարհաքաղաքական գերապատվությունների շատ վտանգավոր համատեքստում:

44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունն է, որ Սյունիքը դարձրել է հակամարտության մաս՝ օրակարգ բերելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը և խթանելով աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների կատաղի մրցակցությունը՝ Արաքսի հովտի 42 կմ-ի վերահսկողության համար:

Մինչ Փաշինյանը մոլագար մի մոլուցքով ցանկանում է Հայաստանի դուրս դնել ռուսական ուղեծրից ու շարունակում է «փրկիչներ» փնտրել բացառապես Արևմուտքում՝ Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում է իր սուբեկտությունը:

Միամիտ է կարծել, որ Բաքուն՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, բանակցային գործընթացը երկկողմ՝ առանց միջնորդների հարթություն տեղափոխելուց հետո, համաձայնելու է բանակցությունները վերադարձել ռուսական հարթակ:

Չեմ էլ կարծում, թե նման պատրանքներ ունի Պուտինը, բայց նա առնվազն փորձելու է Ալիևի հետ համաձայնության գալ՝ արևմտյան պլանների տորպեդահարման հարցում:

Ալիևը դիվանագիտության հանճար չէ, բայց առնվազն հասկանում է, որ խնդիրները լուծվելու են ռեգիոնալ մակարդակում, որտեղ հատկապես կարևոր են Ռուսաստանի հետ բնականոն և կանխատեսելի հարաբերությունները:

Հիմա ինչ՝ քննադատելու ենք Պուտինի՞ն ու Ալիևի՞ն, ովքեր փորձում են ռացիոնալ, ռեալիստական դիրքերից ընդհանուր օրակարգ ձևավորել, թե՞ քաջություն ենք ունենալու խոսել Հայաստանի գործող իշխանության ապիկար քաղաքականության մասին, ինչի հետևանքով Բաքուն արդյունավետ կերպով օգտվում է այն վակուումից, որն առաջացրել է հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հետևանքով:
Մինչ Արևմուտքին սիրաշահելու նպատակով՝ Հայաստանը Հռոմի ստատուտ է վավերացնում ու Պուտինին սպառնում է ձերբակալությամբ՝ Երևան հնարավոր այցելության պարագայում, Պուտինն ու Ալիևը Բաքվում քննարկում են մեր հարցերը՝ առանց մեր ներկայության:

Կրկնում եմ՝ նման իրավիճակի առաջին պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է, որի Արևմուտքում «փրկիչներ» փնտրելու «երազախաբությունը» ողբերգական հետևանք կունենա, երբ հերթական անգամ Արևմուտքից հիշեցնեն, որ «իրենց նավերը մեր լեռները բարձրանալ չեն կարող»:

Իհարկե, Պուտինի Բաքվի օրակարգը շատ ավելի լայն համատեքստ ունի, որի շրջանակներում քննարկվելու է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Դա առնվազն հուշում է, որ այդ ավելի լայն օրակարգի շուրջ տեսանելի են համաձայնություններ նաև Իրանի հետ:
«Խաղից դուրս» չմնալու համար առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել տոկսիկ բաղադրիչը հայ-ռուսական հարաբերություններում: Չնայած այս հարցում լավատեսական հիմքեր չկան, մանավանդ, որ Փաշինյանի «հաճախորդները» հերթական անգամ վիրտուալ տիրույթում խրախճանք են կազմակերպել «ռուսական կայսրության կործանման» թեմայով»։

Տեսանյութեր

Լրահոս