Սա քաղաքական շանտաժ է Ադրբեջանի կողմից. թող Կասպից ծովը նավթից մաքրեն, այն ժամանակ թռչուն ու կենդանի կունենան. Սիլվա Ադամյան

Երևանը դեռևս պաշտոնապես չի արձագանքել Բաքվից հնչող բնապահպանական մեղադրանքներին՝ ուղղված Հայաստանին։

Օգոստոսի 15-ին Նախիջևանում կազմակերպված «Կլիմայի փոփոխությանը նպաստող էկոլոգիական ջրային խախտումները» գիտաժողովում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին մեղադրել է Հայաստանին, իբրև թե Ադրբեջանին պատճառած բնապահպանական վնասների համար։

Նա ասել է, թե իբր «Հայաստանի կողմից թունավոր թափոններ են նետվում Ադրբեջան հոսող գետեր, որի հետևանքով «հարյուրավոր թռչուններ և ձկներ են ոչնչացվել։ Հայաստանի կողմից Արաքս գետի աղտոտումը շարունակվում է նաև այսօր»։

Ադրբեջանի այս մեղադրանքները՝ ուղղված Հայաստանին, «Թռչնասերների կենտրոն» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ բնապահպան Սիլվա Ադամյանի մոտ ուղղակի ծիծաղ է առաջացնում։ Ըստ նրա, մի երկիր, որն ունի բնապահպանական մեծ խնդիրներ, և որտեղ այդ խնդիրները բարձրաձայնող բնապահպաններին վտարում են, չի կարող պարզապես մերկապարանոց հայտարարություններ անել։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում բնապահպանն ասաց, որ՝ այո, Հայաստանում կան բնապահպանական խնդիրներ և այդ խնդիրները կան հետխորհրդային բոլոր երկրներում։

«Մեր բնապահպանական խնդիրները համահունչ են հետխորհրդային երկրների խնդիրների հետ և այստեղ արտառոց որևէ բան չկա։ Բայց այն, ինչն Ադրբեջանն է ասում, իհարկե, իրականությանը չի համապատասխանում։ Մեր բնապահպանական խնդիրներն այնպիսին չեն, որոնք կարող են լուրջ արձագանք գտել ու, օրինակ, վնասել հարևան երկրներին։

Մենք Ադրբեջանի հետ նույն տարածաշրջանում ենք, նույն խնդիրներն ունեն նաև իրենք, և դրանք հիմա ուզում են վերագրել մեր երկրին միայն»,- նշեց Սիլվա Ադամյանը։

Նա հիշեցրեց, որ ժամանակին ադրբեջանցի բնապահպան կար, որը միջազգային գիտաժողովներում, հատկապես՝ մասնավոր խոսակցություններում, մշտապես խոսում էր Ադրբեջանում առկա բնապահպանական խնդիրներից, այժմ նա արդեն Ադրբեջանում չի ապրում։

«Ադրբեջանի բնապահպանը մշտապես ասում էր, որ Կասպից ծովի ափամերձ շրջանում, որտեղ հանքարդյունաբերությունը խիստ զարգացած է, խայտառակ բնապահպանական վիճակ է։ Այդ ամենն անդրադառնում է ամբողջ շրջակա միջավայրի վրա, էլ չասեմ, որ կարող է անդրադառնալ ՌԴ-ի վրա։ Այս ամենի մասին փաստորեն Ադրբեջանը լռում է, ոչինչ չի ասում, խոսում են միայն տեղի բնապահպանները, որոնք որոշ ժամանակ անց, չգիտես՝ ինչու, լքում են Ադրբեջանը։

Ադրբեջանում կան մեծ նավթարդյունաբերական կենտրոններ, որոնք բացասական մեծ ազդեցություն ունեն բնության վրա։ Միջազգային գիտաժողովներում կրկին ասել եմ՝ ավելի լավ է Ադրբեջանը սեփական երկրով զբաղվի, իրենց երկիրը մաքրեն թափոններից, նոր խոսեն այն մասին, որ Հայաստանի բնապահպանական խնդիրներն ազդում են իրենց վրա»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, տարիներ շարունակ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը հսկայական բնապահպանական ծրագրեր են իրականացրել նույն Ադրբեջանի կառավարության համաձայնությամբ, որոնք  իրականություն են դարձել Միացյալ Նահանգների, ԵՄ-ի ֆինանսավորմամբ։ Միլիոնավոր դոլարներ են հատկացվել, որպեսզի ջրի խնդիրները, ընդհանուր բնապահպանական խնդիրները բարձրաձայնվեն և դրանց տրվեն լուծումներ։ 15-20 տարիներ ի վեր այդ ծրագրերն իրականացվել ու ներկայացվել են հաշվետվություններ, որոնք այսօր պետք է կրկին հանվեն ու ներկայացվեն։

«Մեր Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է դիմի այն կազմակերպություններին, որոնք եռակողմ ծրագրեր են իրականացրել, վերցնի այդ հաշվետվությունը և կրկին տարածի։ Այդ հաշվետվությունները ցույց են տալիս իրական իրավիճակը Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում։

Հետևաբար, սա Ադրբեջանի կողմից քաղաքական շանտաժ է՝ ուղղված Հայաստանին։ Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի Հայաստանը մնա առանց տնտեսության։ Մեր բնապահպանական իրավիճակն այնքան վատ չէ, որ ազդում է «խեղճ» Ադրբեջանի վրա, ու նա չի կարողանում ապրել, իր թռչուններն էլ չեն կարողանում թռչել։ Թող գնան Կասպից ծովը նավթից մաքրեն, այն ժամանակ թռչուն ու կենդանի կունենան։

Ես դեռ սպասում եմ, որ Ադրբեջանը սկսելու հետևողականորեն անդրադառնալ ատոմակայանին, որը Հայաստանի վահանն է։ Ադրբեջանը խիստ վախենում է  ատոմակայանից։ Ավելի շատ Ադրբեջանն է մեզ բնապահպանական վնասներ հասցնում»,- եզրափակեց Սիլվա Ադամյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս