
Ադրբեջանի ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները հատուկ մարտավարական վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական–հատուկ զորավարժություններ. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ Ս-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրների դիվիզիոնների հաշվարկների տեխնիկան, բերվելով մարտական պատրաստության, երթ է կատարել դիրքային շրջաններ և իրականացրել մեկնարկային հենակետերում վերատեղակայման, տեղանքի նախապատրաստման և քողարկման խնդիրներ։
Առաջադրված խնդիրներից է եղել նաև «պայմանական հակառակորդի հրթիռային հարվածների հետ մղումը»։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ զորավարժություններն ուղղված են եղել «զինծառայողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարձրացմանը, ինչպես նաև ՀՕՊ ստորաբաժանումների մարտունակության բարձր մակարդակի պահպանմանը»: