Իսրայելը փորձում է Ադրբեջանին ներքաշել տարածաշրջանային պատերազմի մեջ

Իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել է, որ ՑԱԽԱԼ-ի ղեկավարության հրամանի համաձայն՝ զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ գտնվում են Ադրբեջանում և Վրաստանում, «պարտավոր են անհապաղ վերադառնալ հայրենիք»:

Իսրայելում դա կապում են Իրանի կողմից սպառնալիքների հետ։ Իսրայելի կողմից լրատվական դաշտ նետված այս թեզը երկու կարևոր պնդում է պարունակում։

Առաջինը՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքում են գտնվում իսրայելցի զինծառայողներ, ինչը կարող է պայմանավորված լինել այդ երկրների տարածքում ռազմական օբյեկտների առկայությամբ։ Եվ երկրորդ՝ Իրանն այդ երկրներում կարող է ահաբեկչություններ իրականացնել Իսրայելի հետ իր դիմակայության համատեքստում։ Ավելի վաղ Իսրայելի իշխանություններից նման կոչեր չեն եղել։ Ի՞նչ փոխվեց այս անգամ։ Այս մասին Ստանիսլավ Տարասովը ներկայացրել է իր դիտարկումը։

«Առայժմ միայն Բաքուն է անմիջապես հանդես եկել հերքմամբ։ Ադրբեջանի մեդիա զարգացման գործակալությունը (MEDIA) հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է՝ «երկրի տարածքում չկա որևէ օտարերկրյա պետության զորակազմ, և մենք դատապարտում ենք այդ թեմայով ցանկացած տեղեկատվական մանիպուլյացիա»:

Սա, իհարկե, չի բացառում երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Իսրայելը շարունակում է մնալ Ադրբեջանին սպառազինությունների հիմնական մատակարարներից մեկը: Հենց հրեական պետությունն է ապահովում Բաքվին նորագույն ռազմական տեխնոլոգիաների հասանելիությունը։ Ադրբեջանում հիանալի ծանոթ են իսրայելական «Հարոպ» ԱԹՍ-ներին և «Լորա» հրթիռային համալիրներին։ Բայց հենց այդ փաստն էլ տարակուսանք է առաջացնում, չէ՞ որ Իսրայելը, փաստորեն, որոշել է ինչ-ինչ պատճառներով Ադրբեջանին «մղել» Իրանի տեղեկատվական հարվածի տակ, ստեղծել մի իրավիճակ, որը կարող է Անդրկովկասում հակամարտության զգալի տարածքային ընդլայնում հրահրել՝ Ադրբեջանի ներգրավմամբ, իսկ դրան հաջորդած՝ Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի ներգրավմամբ»,- նշել է Տարասովը։

Նրա խոսքով՝ փորձագետները ենթադրում են՝ Kan պետական հեռուստառադիոընկերությունը սադրիչ ակցիա է իրականացրել։ Այն նախատեսված է Ադրբեջանի դիրքորոշումը ստուգելու համար, մինչդեռ Թուրքիան խստորեն դատապարտում է Գազայում Իսրայելի գործողությունները և նույնիսկ միջնորդական փակ միջոցառումներ է անցկացնում ԱՄՆ-ի և Իրանի միջև փակ խորհրդակցություններ կազմակերպելու համար։ Բացի այդ, խոսքը Բաքվի, Թեհրանի և Անկարայի միջև տարաձայնությունները բացահայտելու և խաղալու կոպիտ փորձի մասին է։

«Բայց եթե ավելի մանրամասն դիտարկենք այս հարցը, ապա պարզ կդառնա՝ Ադրբեջանի ներքաշումն աշխարհաքաղաքական տարբեր բևեռների գլոբալ մրցակցության մեջ հղի է ապակայունացմամբ, առաջին հերթին՝ հենց Բաքվի համար։ Ադրբեջանի նկատմամբ Իսրայելի նոր շրջադարձի մյուս պատճառները դեռ պետք է պարզել»,- ամփոփել է Տարասովը։

Պատրաստեց Գ.Մ.

iarex.ru 

Տեսանյութեր

Լրահոս