Ատամներով պահելու եմ արցախյան կիոկուշինը. մեր դռները բաց են Արցախն ընդունողների առջև. Արմեն Պետրոսյան

2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ Արցախում ադրբեջանական ցեղասպանության ու էթնիկ զտման սպառնալիքի տակ արցախահայերը բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից ու տեղափոխվեցին Հայաստան, Արմեն Պետրոսյանը որոշեց, որ Հայստանում ևս պետք է շարունակի իր առաքելությունը՝ արցախցի պատանիներին ու երիտասարդներին սովորեցնի համառ կիոկուշին մարզաձևը, ինչպես տարիներ շարունակ սովորեցնում էր Արցախում։

Արցախում Արմեն Պետրոսյանը զբաղեցրել է Կրթության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչի պաշտոնը և 15 տարի աշխատել է Արցախի հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես կիոկուշին կարատեի մարզիչ, ուստի Հայաստանում էլ որոշեց մեկ հարկի տակ հավաքել պատանիներին ու երիտասարդներին։

Արդեն 10 ամսից ավելի է՝ գործում է Արցախի կիոկուշին կարատեի «Վերադարձ» մարզական ակումբը։

Անվանումը պատահական չէ, քանի որ այդ մարզաձևը սովորող ու դրա հմտություններին տիրապետող ցանկացած ոք պետք է ունենա Արցախ վերադառնալու նպատակ։

Կարդացեք նաև

168.amի հետ զրույցում Արմեն Պետրոսյանը պատմեց, որ մարզական ակումբը սկսել է գործել ու մի քանի մրցույթներ անցկացել «Լույս» հիմնադրամի շնորհիվ, որի հետ համագործակցության 10-ամսյա պայմանագիր է ստորագրել։

«Մենք արդեն ունենք երկու թիմ՝ 71 աշակերտ. 64 հոգին Արցախից են, 7 աշակերտ էլ՝ Երևանից։ Նպատակներ կան սեպտեմբերից ավելացնել խմբերի քանակը, որպեսզի դրանով և՛ աշխատանք ունենամ, և՛ այնպես անեմ, որ արցախցի մեր պատանիներին ու երիտասարդներին համախմբված պահեմ, որտեղ կպահպանվի նաև բարբառը։

Իմ այս գաղափարին առաջինը սատար կանգնեց «Լույս» հիմնադրամը, որի հետ կնքեցի 10-ամսյա պայմանագիր։ Հիմնադրամն այդ ընթացքում համապատասխան նվիրատվություններով մեր խմբին օգնել է։

Չնայած այս կարճ ժամանակահատվածին, մենք շատ բաներ ենք հասցրել, մեր առջև դեռ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարենք»,- նշեց մեր զրուցակիցը։

Այս ընթացքում ակումբն իրականացրել է 4 խոշոր միջոցառում, ևս մեկ միջոցառում կիրականացնի առաջիկայում՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը։ Բոլոր միջոցառումները կապված են և հետագայում էլ կապված են լինելու Արցախի հետ։

Ըստ Արմեն Պետրոսյանի, ակումբին մարզական գույք են նվիրել նաև ռուսաստանաբնակ ընկերները՝ խնդրելով իրենց անունները չհրապարակել։

«Մինչև օգոստոսի 12-ն աշակերտները լինելու են կարճատև արձակուրդում, արձակուրդից հետո նպատակ ունեմ ձևավորել ևս մեկ խումբ և այս մարզաձևը դուրս բերել մայրաքաղաքից, առաջին հերթին՝ տանել Հրազդան քաղաք։

Լրացուցիչ ծախսերի համար դիմել էի իմ մի քանի համերկրացիների, սակայն որևէ մեկը չօգնեց։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին իմ համերկրացի չեմ համարում, դրա համար չեմ դիմել։

Կարևորը՝ հիմա մեզ չխանգարեն, կոնկրետ այն, որ մարզադահլիճ է տրամադրվել, վատ է ընդունվել համապատասխան գերատեսչության կողմից։ Ստիպված եմ եղել հանդիպել ԿԳՄՍ նախարարի հետ և ցույց տալ փաստաթղթերը, որ ամեն ինչին օրինական ենք հասել։

Ասել եմ՝ արցախյան կիոկուշին կարատեն ատամներով պահելու եմ, որովհետև այն եղել է Արցախում ամենամասսայական մարզաձևը։ Ինչպես Արցախում, այնպես էլ այստեղ ինձ օգնում են մարդիկ, որոնք առհասարակ կապ չունեն սպորտի հետ։ Իսկ ովքեր կապ ունեն սպորտի հետ, ռետինը վերցրած անուններ են ջնջում։

Բակո Սահակյանի բացակայության պայմաններում 2 տարի շարունակ իմ անունը ջնջվել է վաստակավոր մարզիչների ցուցակից։ Իսկ Բակո Սահակյանի օրոք մենք ունեցել ենք 300-ից ավելի աշակերտ։

Այդ աշակերտներին  պահելու եմ ու ամեն ինչ անելու եմ, որ շատանան, սեպտեմբերի 2-ին էլ անցկացնելու եմ «Անկախության գավաթ» մրցույթը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Նրա բնորոշմամբ՝ կիոկուշինը համառ մարզաձև է, բնորոշ արցախցուն, և ակումբի դրական կողմերից մեկն էլ այն է, որ դարձել է յուրահատուկ կառույց, որտեղ արցախցի պատանիները հավաքվում ու շփվում են միմյանց հետ ու այդ շփման ընթացքում էլ պահում են Արցախի բարբառը։

«Ակումբում պարապմունքներն անցկացվում են միայն Արցախի բարբառով, մեր ակումբի դռները բաց են բոլոր նրանց առջև, որոնք ընդունում են Արցախը, սա հատուկ նախապայման է»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս