Իրանի կողմից Իսրայելին ուղղված պատասխանը նախապատրաստվում է. փորձ է արվում մշակել Իրանի համար նվազ խնդրահարույց տարբերակը. Արմեն Պետրոսյան

Վերջին օրերի ընթացքում Իսրայել-Իրան հարաբերությունները շարունակում են ավելի լարվել, երկուստեք հնչում են կոշտ հայտարարություններ։

Թեհրանում «Համասի» առաջնորդի սպանությունից հետո իրավիճակը լարվեց, քանի որ Իրանը մեղադրանքի սլաքներն ուղղեց Իսրայելի կողմ և հայտարարեց, որ այդ քայլն անպատասխան չի մնա։

Այս ամենին զուգահեռ՝ իսրայելական հրթիռները պարբերաբար հայտնվում են Լիբանանի երկնքում, որտեղ հուլիսի վերջին սպանվել է «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը։

168.am-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը խոսելով Իսրայել-Իրան լարվածության, դրա հետագա զարգացումների, ինչպես նաև հնարավոր պատերազմի մասին, ասաց, որ ընթացիկ լարվածության մեծացումը պետք է դիտարկել տարածաշրջանում ընթացող պրոցեսների ընդհանուր շղթայում, որի պայմանական մեկնարկը համարվում է 2023 թվականի հոկտեմբերի 7-ը, երբ «Համասի» հարձակումից հետո մեկնարկեց Իսրայել-«Համաս» պատերազմը Գազայի հատվածում։

Կարդացեք նաև

«Մենք տեսնում ենք, որ արդեն 10 ամիս է՝ իրավիճակն այս հակամարտությանը զուգահեռ սրացումներ է գրանցում տարածաշրջանի մակարդակով, այսինքն՝ ոչ միայն երկկողմ՝ Իսրայել-«Համաս», այլև ավելի լայն տարածաշրջանի մակարդակով։ Այս 10 ամիսների ընթացքում առնվազն երեք օրինակ կարող եմ բերել, թե ինչպես է տարածաշրջանային ընդգծում արձանագրել։ Մեկը, երբ այս տարվա հունվարին Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածություն առաջացավ, քանի որ իրանամետ ուժերը թիրախավորել էին Հորդանանի, Իրաքի և Սիրիայի սահմաններին մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազան։ Դրանից հետո ավելի մեծ լարվածություն արձանագրվեց ապրիլին, երբ իսրայելական կողմը հարվածել էր Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին։ Դրան հաջորդեց Իրանի աննախադեպ պատասխանը՝ թիրախավորվեց Իսրայելի տարածքը։ Եվ սա կարելի է  համարել արդեն երրորդ լարվածությունն այս մեծ շրջափուլում, որն ընդգրկում է ամբողջ տարածաշրջանը»,- նշեց Արմեն Պետրոսյանը։

Ըստ նրա, այդուհանդերձ, մեկ բան ակնհայտ է՝ Իսրայելն ամեն անգամ մեծացնում է սադրանքի աստիճանը, ակնկալելով Իրանի կողմից համարժեք պատասխան, որը հնարավորություն կտա Իսրայելին ավելի մեծ հիմքեր ստեղծել Իրանին տարածաշրջանային մեծ պատերազմի մեջ ներքաշելու համար։ Սա է Իսրայելի ռազմավարական նպատակը՝ Իրանին ներքաշել պատերազմի մեջ, ինչը որևէ կերպ չի բխում Իրանի շահերից։

«Իրանը շատ լավ հասկանում է, որ իր հակառակորդները ձգտում են իրեն ներքաշել տևական ու հյուծիչ պատերազմի մեջ, և աշխատում է որևէ կերպ պատերազմի մեջ չներքաշվել։ Կրկնում եմ՝ Իսրայելը մշտապես սրում է իրավիճակը և Իրանից սպասում համարժեք գործողություններ։ Հիմա միանշանակ է, որ Իրանն այդ գործողությունը պետք է իրականացնի, անգամ ի տարբերություն ապրիլին տեղի ունեցած զարգացումների, այս անգամ շատ ավելի մեծ հարված է հասցվել Իրանին՝ ռազմավարական ու հեղինակության առումներով։

Եթե այն ժամանակ Սիրիայում թիրախավորվել էր Իրանի դիվանագիտական ներկայացուցչության շենքը, ապա այս դեպքում ուղիղ թիրախավորվել էր Թեհրանում «Համասի» կայանատեղին, այն էլ՝ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության շրջանակներում։ Տեսեք՝ ինչպիսի մեծ հարված է սա Իրանի հեղինակությանը, ուստի Իրանը պետք է պատասխանի Իսրայելին, բայց այդ պատասխանը պետք է լինի այնպիսին, որպեսզի չհանգեցնի Մերձավոր Արևելքում պատերազմի, որին ձգտում է Իսրայելը։ Այդ պատասխանը նախապատրաստվում է և փորձ է արվում մշակել Իրանի համար նվազ խնդրահարույց տարբերակը»,- հավելեց փորձագետը։

Այս ամենին զուգահեռ, ըստ Արմեն Պետրոսյանի, Իրանը փորձում է  ազդել նաև տարածաշրջանային գործընթացների վրա, քանի որ արդեն մեկ շաբաթից ավելի է՝ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Իսրայելը, ակնկալում է Իրանի պատասխան գործողությունը։

Սա հոգեբանական ճնշում է՝ անընդհատ խուճապի մեջ պահել, սա Իրանի պատասխան գործողությունների տրամաբանությունն է։ Եթե այլ երկիր հստակ պատասխան գործողություններ է իրականացնում, ապա Իրանի դեպքում պատասխան գործողությունները մի քանի շերտով են՝ հոգեբանական ճնշումը, երբ խուճապային ձևով մյուս կողմը սպասում է, քարոզչական եղանակով և բուն գործողություն, որը կրկին օգտագործվում է քարոզչական նպատակով՝ ինչպես սեփական հանրության, այնպես էլ տարածաշրջանի համար։

«Միանշանակ Իրանի պատասխան գործողությունը լինելու է, որովհետև հակառակ դեպքում դա լրջագույն հարված կլինի Իրանի իմիջին, հատկապես՝ նորընտիր նախագահի կառավարման հենց մեկնարկին։ Այստեղ հիմնական խնդիրն այն է, թե Իսրայելն ինչպես կօգտագործի Իրանի պատասխան գործողությունը։ Եթե Միացյալ Նահանգները կարողացավ զսպել ու թույլ չտալ Իսրայելին ավելի խորացնելու հակամարտությունը, ապա ինչ-որ սիմվոլիկ գործողություններով այս լարվածությունը կավարտվի։ Ինքս հակված եմ այն կարծիքին, որ Իսրայելը պատեհ առիթ է փնտրում Լիբանան ներխուժելու համար»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը։

Նա նաև հավելեց՝ այսօր որևէ զարգացում բացառել հնարավոր չէ, որովհետև ամեն ինչ միանշանակ չէ։ Այսինքն՝ չպետք է բացառել, որ տարածաշրջանային մեծ պատերազմ է լինելու, բայց, ըստ նրա՝ հատկապես Իրանը և Միացյալ Նահանգները փորձում են վիճակը կառավարելի պահել։

Տեսանյութեր

Լրահոս