Բերքաբեր-Ղըզըլհաջիլի սահմանազատված հատվածից ադրբեջանական հենակետը հետ է քաշվել. «Ազատություն»
Բերքաբեր – Ղըզըլհաջիլի սահմանազատված հատվածից ադրբեջանական հենակետը հետ է քաշվել, «Ազատությանը» տեղեկացրեց Բերքաբերի վարչական ղեկավարը:
«Նրանք հեռացել են վաղուց՝ հուլիսի սկզբներին, եթե չեմ սխալվում: Էն հատվածում, որը իրենց դիրքն էր նախկինում, իրենք էդ դիրքից դուրս են եկել, հիմա մեր սահմանապահն է էդտեղ ծառայություն իրականացնում», – ասաց Տիգրան Հարությունյանը:
Ավելի քան 30 տարի ադրբեջանական կողմն իր հսկողության տակ է պահում Բերքաբերի հողը ջրամբարի ափից մինչև Փայտասարի գագաթ՝ շուրջ 900 հեկտար հայկական տարածք։ Սահմանազատման այս գործընթացում, սակայն, որոշում կայացվեց այդ հատվածը չսահմանազատել։
Կառավարությունը հրապարակեց քարտեզ՝ մանուշակագույնով ընդգծելով, թե որ տեղանքն են ճշգրտում այս փուլում։ Այդ ընդգծված հատվածում էր մնացել չհեռացող ադրբեջանական դիրքը։ «Կարճ, բայց ողջամիտ ժամկետում» պիտի հայկական ու ադրբեջանական զինված ուժերը հետ քաշվեին և տեղը զիջեին սահմանապահներին. այս տարածքի ադրբեջանցիները հեռացան վերջերս։
«Միակ դեպքն է, երբ ադրբեջանական հենակետը նահանջել է այս ամբողջ հայ – ադրբեջանական դելիմիտացիայի ընթացքում»,- «Ազատության» հետ զրույցում ընդգծեց քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ադրբեջանական զինուժը նահանջել ու դիրքավորվել է Բերքաբերի՝ այս փուլում չսահմանազատված հայկական տարածքում։ Ի դեպ, տարօրինակ է համարում, որ ադրբեջանցիների չհեռանալու, ապա հեռանալու մասին պաշտոնական տեղեկություն չի տրամադրվում, լուրեր տարածողները տեղաբնակներն են:
«Երբ որ չէին խոսում դրա մասին պաշտոնապես, ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ուղղակի ուզում են փակել հարցը, քանի որ լուծումներ չեն կարողանում գտնել: Բայց հիմա, փաստորեն, լուծումներ գտել են և գտել են շատ լուռ ճանապարհով՝ առանց հայտարարությունների: Բայց խստիվ, փաստորեն, իրագործել են ապրիլի 19-ի հայտարարությունը», – նշեց Մելիքսեթյանը:
Այսօր Բերքաբերում պայթյունների ձայներ էին:
«Այսօր միներ [ականներ՝ ռուսերեն] են պայթեցնում՝ Ղըզըլհաջիլիի սահմանազատած մասերում», – «Ազատությանն» ասաց Բերքաբեր համայնքի բնակիչ Ռադիկ Զարգարյանը:
Պայթյունի ձայները ջրամբարի աջ կողմից են, բնակիչները ենթադրում են՝ հայկական կողմն ականազերծում է այն տարածքները, որտեղից հեռացել է ադրբեջանական զինուժը ։ Վարչական ղեկավարը հաստատում է. – «Մի պոստից են դուրս եկել, բայց էդ արանքը բավականին հատված է, որը մաքրվում է այս պահին»:
Պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել էր՝ կեսօրին Բերքաբեր ու Կիրանց գյուղերի մոտ պայթեցման աշխատանքներ են կատարելու՝ 10 պայթյուն երկու ժամում։ Բնակիչներին խնդրել են խուճապի չմատնվել։
Գերատեսչությունից չեն մանրամասնել՝ ականազերծմա՞ն, թե՞ ինժեներական աշխատանքների նպատակով են պայթեցումներ անում։
Կիրանցից «Ազատություն»-ը տեղեկացավ, որ ի տարբերություն Բերքաբերի՝ այստեղ պայթեցումները կարծես թե ինժեներական աշխատանքների համար են։
«Շարունակելը Տավուշից շատ տրամաբանական կլիներ, ու եթե այստեղ հաջողվեր լավ լուծումներ տալ՝ չկրկնող Կիրանցի այդ պատմությունը, որ եղավ, սա կարող է նաև որոշակի վստահության ամրապնդման կարևոր գործընթաց լինել՝ հետագայում շարունակելու այլ հատվածների վրա», – ասաց Սամվել Մելիքսեթյանը:
Քաղաքագետը սահմանազատումը Տավուշի երկայնքով շարունակելը համարում է ամենաճիշտ որոշումը, քանի որ, ըստ նրա, այստեղ հայ – ադրբեջանական սահմանի երկու կողմերն էլ բնակեցված են, ուրեմն՝ երկու կողմերն էլ պիտի շահագրգռված լինեն, որ հարցերը շուտ լուծվեն։ Բայց էլի է շեշտում՝ ոչ Կիրանցի օրինակով. այստեղ սահմաններ գծեցին՝ հաշվի չառնելով կոմունիկացիաները, կամուրջը, օրինակ, նաև գյուղացիների հողերը՝ շուրջ 54 հողակտոր, դարձան ադրբեջանական։
«Հիմքը վարչական սահմանն է՝ պլյուս հողօգտագործման առկա պրակտիկաները, որովհետև դրանք կարևոր են սահմանային բնակչության համար՝ երկու կողմերից էլ», – նշեց Մելիքսեթյանը:
Հայաստանի իշխանությունը բազմիցս է հայտարարել՝ սահմանազատման սկզբունքը խորհրդային սահմանների վերարտադրությունն է։ Սամվել Մելիքսեթյանի խոսքով՝ աշխարհում դելիմիտացիայի լավ օրինակներ կան, երբ հաշվի են առնվել սահմանի երկու կողմերում ապրող մարդկանց կարիքները։