Բաժիններ՝

Ծնողներս քույրերիս մեջ անընդհատ եղբորս են փնտրում. 44-օրյա պատերազմում նահատակված Ավագ Ավետիսյանի ծնողները զույգ աղջիկ են ունեցել

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված 20-ամյա Ավագ Ավետիսյանի ծնողները զույգ աղջիկ են ունեցել՝ Լուսէն և Լիզան։

Միակ որդու զոհվելուց 4 տարի անց Ավագի ծնողները՝ 44-ամյա մայրը և 53-ամյա հայրը, կկարողանան մի քիչ ուրախանալ ու փարատել իրենց վիշտը։

168.am հետ զրույցում Ավագի քույրը՝ Ասլի Ավետիսյանը, պատմեց, որ ընտանիքում անասելի ուրախ են, երբեմն հուզվում են, ունեն աննկարագրելի զգացողություններ, ամենաշատը հուզվել են ծնողները։

Լիզան ու Լուսէն դեռևս Շենգավիթ բժշկական կենտրոնում են, վաղը մայրիկի հետ միասին արդեն տանը կլինեն։

«Քույրերիս անունները մենք ենք որոշել։ Երեխաների ծնվելուց 5 ամիս առաջ արդեն գիտեինք, որ զույգ աղջիկ են ծնվելու, չնայած մայրս ուզում էր, որ մեկը տղա լինի։ Հիմա ծնողներս երկու քույրերիս մեջ անընդհատ եղբորս են փնտրում, նմանություններն են համեմատում։ Ինքս Լուսէին նմանեցնում եմ Ավագին»,- նշեց Ասլին։

Նրա խոսքով՝ թեև մի քանի օր է՝ քույրերը ծնվել են, բայց ծնողների մեջ արդեն փոփոխություն տեսնում է, կարծես որոշ չափով կյանք են վերադարձել, սփոփանք են գտել։

«Քույրերիս ծնվելուց հետո մեզ համար մի քիչ ավելի հեշտ կլինի։ Ինքս շատ հուզված եմ հիմա, ու այն ամենը, ինչ կաներ Ավագը իր քույրերի համար, պետք է ես անեմ, նրանք պետք է որևէ բանի կարիք չունենան»,- հավելեց Ասլի Ավետիսյանը։

Ավագ Ավետիսյանը Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղից էր, ծառայում էր Արցախում՝ Հադրութում։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին է զոհվել, երբ Հադրութն արդեն օկուպացված էր Ադրբեջանի կողմից և հաստատվել էր առաջին հրադադարը, որը, ինչպես հաստատվել, այնպես էլ Ադրբեջանի կողմից խախտվել էր։

Ավագի հետ ծնողները և քույրը վերջին անգամ խոսել են զոհվելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 9-ին։

«Եղբորս դին գտել ենք 2020 թվականի նոյեմբերի 24-ին, զոհվելուց հետո նրան տեղափոխել էին Հերացի։ Մեզ առաջարկել էին, որպեսզի Ավագին հուղարկավորենք Եռաբլուրում, բայց մենք հուղարկավորեցինք մեր գյուղում՝ մեզ ավելի մոտ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս