Ձայներից ոչ մեկը չպետք է կորչի․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է ընտրություններից առաջ ընդդիմադիր կուսակցությունների միավորման կարևորության մասին։
«Բոլորը պետք է օգնեն բոլորին ձայները պաշտպանելու հարցում»,- ըստ aliq.ge-ի՝ ասել է նա։
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ասուլիսում նախագահը խոսել է նաև փոքր կուսակցությունների միավորումների անդամակցության մասին և ասել, որ հիմնական նպատակն ապահովումն է, որ 5 տոկոսից քիչ հավաքած կուսակցությունների ձայները չկորչեն և չտրվեն «Վրացական երազանք»-ին»։
«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ ձայներից ոչ մեկը չկորչի, և այն կուսակցությունները, որոնք չունեն 5 տոկոս ձայն ստանալու երաշխիք՝ չդառնան «Վրացական երազանք»-ի ընդլայնման միջոց, այսինքն՝ հակաեվրոպական: Եվ այն՝ ինչ կատարվում է այսօր, կարծում եմ, հենց այս ամենին է տանում։ Ես ինձ իրավունք չեմ վերապահում խորհուրդ տալ, թե ով ինչ անի և ինչպես կատարի իր ընտրությունը, միայն հորդորում եմ բոլորին մասնակցել ընտրություններին՝ տալ իրենց ձայնը, որ ոչ մի ձայն չկորչի»,- ասել է Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ 5 տոկոսանոց շեմով։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ 4-րդ անգամ մնալու է իշխանության ղեկին, մինչդեռ ընդդիմությունը հավատում է սեփական հաղթանակին։