
Մոսկվայի հետ կապերի զարգացումը Թեհրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է․ Փեզեշքիանը՝ Շոյգուին

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն երեկ Թեհրանում հանդիպել է Իրանի նորընտիր նախագահի Մասուդ Փեզեշքիանի հետ։
Ռուսաստանի հետ կապերի զարգացումը Թեհրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, հայտարարել է Փեզեշքիանը՝ շեշտելով՝ Ռուսաստանը եղել է դժվարին պահերին Իրանին աջակցող երկրների թվում։
Անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային հարցերում Թեհրան-Մոսկվա համագործակցությանն՝ Իրանի նախագահը նկատել է՝ «բազմաբևեռ աշխարհի ստեղծման շուրջ համագործակցությունը կհանգեցնի խաղաղության և անվտանգության խթանմանը»։
Անդրադառնալով ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ծայրահեղական ճանաչված «Համաս»-ի և Իրսրայելի հակամարտությանը, Թեհրանում «Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ Իրանի նախագահը Իսրայելի գործողությունները հանցավոր է որակել՝ դրանք համարելով միջազգային իրավունքի խախտման վառ օրինակ։
Ընդգծելով, որ Իրանը երբեք չի ձգտել տարածաշրջանում լարվածության սրման և պատերազմի՝ Փեզեշքիանը միևնույն ժամանակ վերահաստատել է՝ «Իսրայելի ռեժիմն անպայման պատասխան կստանա իր հանցագործությունների համար»։
Շոյգուն, իր հերթին, նշել է, որ Իրանը Ռուսաստանի առանցքային և ռազմավարական դաշնակիցներից է տարածաշրջանում ու հավելել՝ երկու երկրների հարաբերություններն աճում են բոլոր ոլորտներում։