Nikkei-ի շեշտակի անկումը գերազանցել է 1987 թվականի «սև երկուշաբթիի» մակարդակը
Տոկիոյի ֆոնդային բորսայի առանցքային Nikkei ինդեքսը, որն արտացոլում է Ճապոնիայի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքների տատանումները, սակարկությունների արդյունքներով 12,4 %-ով կտրուկ իջել է՝ ԱՄՆ-ում հնարավոր ռեցեսիայի և դոլարի նկատմամբ իենի ամրապնդման՝ ներդրողների անհանգստության ֆոնին:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սակարկությունների տվյալները։Սակարկությունների ընթացքում առավելագույն անկումը գերազանցել է 13 %-ը։ Այսպես, սակարկությունների արդյունքներով Nikkei-ը կորցրել է 4451,28 կետ և իջել մինչև 31 458,42 կետի նշագիծ: Դա անկման պատմական ռեկորդ է, որը գերազանցում է 1987 թվականի «սև երկուշաբթիի» անկման մակարդակը, երբ սակարկությունների ընթացքում ինդեքսը կորցրել էր առավելագույնը 3836,33 կետ:
Այդ ֆոնին ճապոնական ավտոարտադրողների բաժնետոմսերը նվազել են 9-13 %-ով։ Այսպես, Toyota Motor-ը գրանցել 11,31 % անկում, Honda Motor-ը՝ 11,89 %, Mitsubishi Motors-ը՝ 9,61 %, Nissan Motor-ը՝ 10,29 %, Suzuki Motor-ը՝ 12,43 % անկում:
Տոկիոյի բորսայում շեշտակի անկումը տեղի դիտորդները բացատրում են ԱՄՆ-ում հնարավոր ռեցեսիայի վերաբերյալ անհանգստություններով, որտեղ աշխատաշուկայի մասին վիճակագրական տվյալներն օգոստոսի 2-ին ցածր էին շուկայի սպասումներից: Անկումը շարունակվում է օգոստոսի 2-ից գնանշումների կտրուկ անկումից հետո, երբ հուլիս ամսվա համար ԱՄՆ արդյունաբերության վիճակի մասին թույլ վիճակագրական տվյալների ֆոնին Nikkei-ը նվազեց 5,8 %-ով:
Գնանշումների նվազման ևս մեկ գործոն է ազգային արժույթի ամրապնդումը, ինչը ձեռնտու չէ խոշոր արտահանողներին։
Օգոստոսի 5-ին փոխարժեքը կազմում է շուրջ 143,85 իեն 1 դոլարի դիմաց, ինչը հունվարի կեսերից ի վեր ամենացածր մակարդակն է: