Կարեն Ղազարյանը՝ եկեղեցու բարենորոգի՞չ․ «տարօրինակ է․․․ չէ մի չէ՝ ղազ է»

Նիկոլ Փաշինյանի՝ հունվար 6-ի «ուղտերթ»-ին միացել էր Կարեն Ղազարյանը՝ «Շարմ»-ի Կարենը, որը 2019 թվականից զբաղեցնում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը։

Թե ինչո՞ւ է Կարեն Կազարևիչը որոշել Փաշինյանի հետ «բարենորոգել» եկեղեցին, գուցե այն պատճառով նաև, որ նա պաշտոնյա է, նրան այդ պաշտոնում ընտրել են ՔՊ-ականները, նրան 2023 թվականի սեպտեմբերին ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել Նիկոլ Փաշինյանը՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար, նա այս ընթացքում պետգնումներում ունեցել է մեծ ակտիվություն, ստացել խոշոր դրամաշնորհներ ու կնքել հարյուր-միլիոնավոր դրամների մատակարարման պայմանագրեր։

Վերջինի մասին՝ թվերով․ այսպես, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՊՈԱԿ-ի, ապա նաև՝ ՓԲԸ-ի ակտիվությունը պետգնումներում, ըստ էլեկտրոնային գնումների համակարգի, սկսվել է 2018 թվականի ապրիլից (2018 թվականի ապրիլին և սեպտեմբերին մեկական պայմանագրերով)։

Կարեն Ղազարյանի պաշտոնավարման շրջանում պետգնումներում որպես մատակարար հանդես եկող համալիրը միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր է կնքել՝ օրինակ,

Կարդացեք նաև

ՀՀ պաշտպանության նախարարությունը մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների՝ տարածքի տրամադրման 4.000.000 դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել, «Հայաստանի հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն է տարածք վարձակալել․ պայմանագրի գինը՝ 8.000.000 դրամ, Վարչապետի աշխատակազմն է տարածքի վարձակալության պայմանագիր կնքել 8 միլիոն 640.000 դրամով, ապա նաև՝ մեկ այլ պայմանագիր՝ 5 միլիոն 976.000 դրամ արժողությամբ, իսկ Եվրասիական միջկառավարական Խորհրդի նիստի անցկացման շրջանակներում միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման համար էլ վճարել 23 միլիոն 148.000 դրամ։

Ի դեպ, ընդամենը վերջերս էր 168amգրել, որ Փաշինյանի աշխատակազմը 40 միլիոն 90.000 դրամ է վճարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ պատվիրակելով արարողակարգային միջոցառման կազմակերպման ծառայություններ։

Նմանատիպ բազմաթիվ գնումներ, որոնք բոլորը կատարվել են մեկ անձ ոչ մրցակցային գնման ընթացակարգով։

Սրանցից զատ՝ համալիրը 2022 թվականից սկսած՝ պարբերաբար ստացել է 15 դրամաշնորհ՝ մի քանի հարյուր միլիոն դրամ ընդհանուր ծավալով։

Օրինակ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից 2025  թվականի հուլիսին ստացած դրամաշնորհի չափը կազմել է 9 միլիոն 832.800 դրամ,

– ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից մյուս դրամաշնորհը համալիրը ստացել է 2025 թվականի հունվարին՝ համալիրի պահպանության համար․ չափը՝ 182.104.900 դրամ,

– Նախարարության կողմից  2024 թվականի  դեկտեմբերին մեկ այլ դրամաշնորհ էլ հատկացվել է 28.800.000 դրամի չափով։

Նշենք, որ 2022 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն երկու դրամաշնորհ էլ ուղղել էր Համալիրի շենքային պայմանների բարելավմանը՝ 2022 թ․ նոյեմբերին դրամաշնորհի չափը՝ 284 միլիոն 568.300, և կարողությունների զարգացմանը՝ 2022 թվականի մարտին, դրամաշնորհի չափը՝ 253 միլիոն 320.000 դրամ։

Համալիրը դրամաշնորհային պայմանագիր է կնքել նաև  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, օրինակ, 2024 թվականի մայիսին կնքված նման պայմանագրերից մեկի գինը կազմել է 70.000.000 դրամ, ինչպես նաև՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ 2022 թվականի դեկտեմբերին՝ Գիտության և գործարարության օրեր միջոցառման համար․ պայմանագրի գինը՝ 8.100.000 դրամ։

Ամեն դեպքում, ուզում ենք արձանագրել, որ Կարեն Կազարևիչի «բարենորոգչական» նպատակները ավելի ազնիվ էին «Թուղթ ընդ գիր» ՍՊԸ-ի նավս հանողի հայտնի դերում, քան այսօր։

Տեսանյութեր

Լրահոս