Բաժիններ՝

ՆԳՆ-ն 24/7 ռեժիմով ուղիղ եթերում կվերահսկի քաղաքացիների շարժը, կտիրապետի բանկային և փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկություններին, կվերահսկի ըննդիմախոսների գործունեությունը. Արման Թաթոյան

Հունիսի սկզբին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը, որով ՆԳՆ-ն կունենա բանկերից, վարկային կազմակերպություններից, գրավատներից, դեղատներից, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերից, փոստային կապի օբյեկտներից, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքներից, ուսումնական հաստատություններից, զենքի առևտրով զբաղվող կազմակերպություններից, 100 քմ-ից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներից, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերից, առևտրի իրականացման վայրերից, մետրոպոլիտենի, ստորգետնյա ավտոկայանատեղերից, 50 քմ-ից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմնից, ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի կառավարում իրականացնող և շտապ օգնության բնագավառի լիազոր մարմիններից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում տեղադրված տեսահսկման համակարգերին ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:

Սա նշանակում է, որ Ներքին գործերի նախարարությունը, մասնավորապես՝ ոստիկանությունը, 24/7 ռեժիմով կունենա տեսահսկման համակարգից ադմինիստրատիվ օգտվողի հնարավորություն, առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի դիտման հնարավորություն, առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի հոսքի (stream) ստացման և պահպանման հնարավորություն, առցանց ռեժիմով տեսանկարահանող սարքից տեսախցիկների տեսանյութի դիտման հնարավորություն, առցանց ռեժիմով տեսանկարահանող սարքից տեսախցիկների տեսանյութի բեռնման, արտահանման հնարավորություն, առցանց ռեժիմով տեսանկարահանվող գործողությունների՝ լոգավորման շտեմարանների և դիտման սարքերի հասանելիության հնարավորություն:

ՆԳՆ կողմից ներկայացված այս նախագիծն օրենք դառնալու դեպքում կհանգեցնի Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտման։

Ըստ նախագծի՝ տեսահսկման համակարգերի միջոցով անձանց նույնականացում կարող է իրականացվել բացառապես այն դեպքում, եթե առկա է հիմնավոր կասկած, որ անձը կատարել է հանցագործություն: Սա թույլ հիմնավորում է, որովհետև ինչպես չի գործում «Ոստիկանության մասին» օրենքի մասնավորապես 31-րդ հոդվածը հատուկ միջոցների գործադրման վերաբերյալ, այնպես և այս դեպքում հիմնավոր կասկած «կծագի» յուրաքանչյուր դեպքում, եթե դա պետք լինի ոստիկանությանը կամ ոստիկանության բարձրաստիճան ծառայողներին մտերիմ որևէ անձի:

Կարդացեք նաև

ՆԳՆ-ն, իհարկե, ունի իր հիմնավորումներն առ այն, որ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակում կարող է իրականացվել իրավախախտումների նախականխման, կանխման և բացահայտման, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում արագ արձագանքման, քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերման, անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերման, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, տրանսպորտային հոսքի կառավարման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ  համագործակցության, օրենքով չարգելված նպատակներով պետական և ոչ պետական կազմակերպություններին վճարովի հիմունքներով անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրման նպատակներով:

«Եթե նախագիծն ընդունվի, ապա կխախտվեն մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, բանկային գաղտնիքը և այլն։ Սրանք ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում և ՀՀ միջազգային այլ պայմանագրերում»,- 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:

Օրենքի նախագիծը, ըստ նրա, նաև հակասում է Եվրոպայի խորհրդի Տվյալների պաշտպանության վերաբերյալ պահանջներին, որոնք նպատակ ունեն պաշտպանել այդ տվյալների գաղտնիությունը և երաշխավորել մարդու իրավունքները։

«Նախագիծն ունի նաև մասնագիտական գործունեության մի շարք տեսակներ խոչընդոտող դրույթներ։ Խոսքը, ասենք, փաստաբանական կամ լրագրողական աշխատանքի մասին է։ Օրինակ՝ լրագրողն իր տեսանյութի համար վերցնում է հարցազրույց այնպիսի քաղաքացուց, որի անձը պետք է պահվի գաղտնի։ Կոնկրետ վայրում առկա տեսախցիկների նկատմամբ ՆԳՆ-ի անսահմանափակ վերահսկողությունը թույլ չի տա պահպանել լրագրողական աղբյուրի գաղտնիությունը, ինչը աշխատանքի այդ տեսակի ուղղակի խոչընդոտ է և խախտում է խոսքի ազատության, մասնավոր կյանքի պաշտպանության և այլ պահանջներ։

Նույն սկզբունքով նախագիծը վտանգում է փաստաբանական գաղտնիքը՝ այս դեպքում խախտելով նաև իրավաբանական օգնություն ստանալու, արդար դատաքննության և մի շարք այլ սահմանադրական իրավունքներ»,- ասաց Արման Թաթոյանը:

Նա նաև նշեց՝ եթե ՆԳՆ-ն ունենա 24/7 ռեժիմով առցանց հասանելիություն ու վերահսկողություն տեսախցիկների նկատմամբ, ապա քաղաքացու բանկային գաղտնիք համարվող տվյալները կարող են հայտնվել արտաքին հսկողության ներքո։

«Ստացվում է՝ գաղտնիք համարվող կամ իրավական պաշտպանության ներքո գտնվող տվյալները կարող են օգտագործվել օրենքով արգելված նպատակների համար։ Ընդ որում, առկա չեն երաշխիքներ, որոնք կարող են բացառել նշված ռիսկերը»,- ասաց ՀՀ նախկին ՄԻՊ-ը:

Վերջինիս խոսքով՝ այս նախագծի այս տեսքով ընդունումը հիմքեր է ստեղծում այն քաղաքական նպատակներով չարաշահելու համար:

«Նախագծի ընդունմամբ քաղաքական ընդդիմախոսների ու կամ իշխանությունների թիրախում հայտնված մարդկանց նկատմամբ շուրջօրյա վերահսկողություն սահմանելու հնարավորություն է ստեղծվում: Կարող են հետևել նրանց շարժին, լսել խոսակցությունները, և չկան երաշխիքներ, որ նման հեռանկարը բացառված է: Ակնհայտ է, որ օրենքն ընդունվելու դեպքում այն կիրառվելու է իշխանություններին քննադատող, նրանց կառավարչական և քաղաքական սխալները վեր հանող մարդկանց դեմ»,- ասաց Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ այս նախագծով հանցավորության դեմ պայքարի, անվտանգության նկատառումների շղարշի ներքո իշխանությունը քաղաքական նպատակների հետապնդմամբ մարդկանց նկատմամբ սահմանափակումների նոր հնարավորություն է ունենում:

«Մենք ունենք Քովիդի փորձը, երբ իբր հանրային առողջության շահի պաշտպանության քողի ներքո իշխանությունը որոշակի միջոցառումներ էր իրականացնում, բայց երկար ժամանակ պահում էր արտակարգ դրության ռեժիմը, և մարդիկ, օրինակ, չէին կարողանում հավաքներ կազմակերպել երկար ժամանակ: Կամ ռազմական դրության ռեժիմն օգտագործելով՝ սահմանափակվեց լրագրողների գործունեությունը, երբ տուգանվում էին լրագրողներն ու լրատվամիջոցները ցանկացած պաշտոնյայի քննադատելու համար»,- եզրափակեց Արման Թաթոյանը:

Տեսանյութեր

Լրահոս