«Այս մոդելը խիստ արժեքավոր կարող է լինել նաև Հայաստանի այսօրվա ընդդիմության համար». Սուրենյանց
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով.
«Պատմական օրվա խորհուրդը…
Օգոստոսի 4-ը պատմական օր է Հայաստանի նորագույն պատմության մեջ:
34 տարի առաջ այս օրը Հայաստանում ԳԽ նախագահ ընտրվեց Հայոց Համազգային շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, տապալվեց կոմունիստական իշխանությունը, ինչը ճանապարհ բացեց Հայաստանի անկախության գործընթացի փաստացի մեկնարկի համար՝ ամփոփվելով 1991թ-ի անկախության հանրաքվեով:
Սակայն այս իրադարձության պատմականությունը սրանով չի սահմանափակվում:
«Ղարաբաղի» կոմիտե/ Հայոց Համազգային շարժումը, երկու տարի շարունակ իր գրագետ, արդյունավետ քաղաքական գործունեության շնորհիվ, երկրում հաստատել էր փաստացի երկիշխանություն՝ ինստիտուցիոնալ, արժեքային, քաղաքական այլընտրանքային բովանդակության դրսևորումներով
Սակայն Համազգային շարժման ղեկավարությունը Հայաստանում իշխանափոխություն իրականացրեց բացառապես խորհրդային օրենսդրության շրջանակներում՝ հաղթանակ տանելով ՀԽՍՀ ԳԽ 1990թ. մայիսի 20-ի ընտրություններում:
Այս առումով՝ Հայաստանի առաջին իշխանության լեգիտիմությունը բացարձակապես անխոցելի էր:
«Ղարաբաղ» կոմիտե/Հայոց Համազգային շարժման՝ քաղաքական որակական փոփոխությունների մոդելը ուսանելի դարձավ ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլ նաև ողջ Արևելյան Եվրոպայում:
Ի դեպ, այդ մոդելը խիստ արժեքավոր կարող է լինել նաև Հայաստանի այսօրվա ընդդիմության համար:
Այսօր ևս մեկ առիթ է արժևորելու Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, «Ղարաբաղի» կոմիտեի, Հայոց Համազգային շարժման գործունեությունը:
Նրանք դարձան մեր պետականության վերականգնման առաջամարտիկները՝ քաղաքական նոր միտք բերելով մեր իրականություն»: