«Ղարաբաղցի՛ եմ, քե՛ մատաղ, ղարաբաղցի՛…». Արցախի հարցը Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» ստեղծագործությունում
Գուրգեն Մահարին հայ գրականության ամենաբացառիկ գրողներից է, ով գրեթե մի ամբողջ կյանք ապրեց, գոյատևեց ու պայքարեց խորհրդային աքսորավայրերում: Սակայն խորհրդային ծանր իրականությունը չկարողացավ կոտրել գրողին: Նա միշտ պայքարի կենտրոնում էր, գրում և բարձրաձայնում էր ժամանակաշրջանի քաղաքական, ազգային ու հասարակական խնդիրների մասին: Գուրգեն Մահարու ամենահայտնի ստեղծագործություններից է «Ծաղկած փշալարեր» ինքնակենսագրական վիպակը: Մահարին 1936 թվականին մեղադրվում է շինծու գործով: Դատավարությունը տևում է մի քանի րոպե, որից հետո նրան դատապարտում են 11 տարվա ազատազրկման: Մահարուն աքսորում են Սիբիր, որտեղ գրողն աշխատում է բրուտանոցում:
Մահարին ստեղծագործությունը սկսել է գրել 1965 թվականին, ինչի մասին իմանում ենք իր հուշերից և նամակներից: Ստեղծագործությունում Մահարին ներկայացնում է սիբիրյան աքսորավայրի տարիների, ապրումների, կյանքի, հույզերի, դաժանության, իրականության պատմությունը: «Ծաղկած փշալարեր»-ը լույս է տեսել Մահարու մահվանից հետո: Առաջին անգամ տպագրվել է Բեյրութի «Նայիրի» հանդեսի համարներում: Ամբողջական գրքով առաջին անգամ լույս է տեսնում դարձյալ Բեյրութում՝ 1988 թվականին:
«Ծաղկած փշալարեր»-ը Հայաստանում առաջին անգամ լույս է տեսնում 1988 թվականին:
Գրականագիտության մեջ կա տեսակետ, որ Հայաստանում վախենում էին տպագրել ստեղծագործությունը, քանի որ այն սիբիրյան աքսորի և խորհրդային ծանր ժամանակաշրջանի մասին էր: Մեկ այլ տեսակետի համաձայն՝ «Ծաղկած փշալարեր»-ը չէր տպագրվում, քանի որ ստեղծագործությունում կա մի երկխոսություն, որում խոսվում է Արցախի հայկականության և Հայաստանին միացնելու մասին: Հայաստանում հավանաբար վախենում էին Մոսկվայից, որ տպագրության դեպքում դա կարող է քաղաքական սկանդալ առաջացնել: Մյուս կողմից՝ կարող էր ստեղծագործության շուրջ քննարկումներն առաջացնել ազգամիջյան թշնամություն: Սրանք տեսակետներ են, վերլուծություններ, որոնք հիմք են տալիս կարծելու, որ Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր»-ը Հայաստանում չտպագրելու կամ ուշ տպագրելու պատճառներից մեկը նաև Արցախի հարցն էր: Ստորև կներկայացնենք «Ծաղկած փշալարեր» ստեղծագործության հայտնի երկխոսության հատվածն ամբողջությամբ, որտեղ խոսվում է Արցախի՝ Հայաստանի միացման ու Արցախի հայկական լինելու մասին.
«…Եվ ճիշտ այս րոպեին ինձ մոտենում է հնամաշ շորերի մեջ կորած մի լուռ կալանավոր։ Ես ուշադրությամբ նայում եմ նրա նիհար, սև, մազակալած դեմքին և մեծ բանաստեղծի ասածի պես՝ նրա աչքերում հառնում է նա, հեռու ու հարազատ երկիր Նաիրին։
– Հա՞յ ես, քե մատաղ,- հարցնում է նա, անհուն մի ցավով նայելով դեմքիս։
– Հայ եմ,- պատասխանում եմ ես վախենալով, որ տեսածս տեսիլք կարող է լինել։
– Հայ եմ,- հաստատում եմ նորից։ -Ո՞րտեղացի ես․․․
– Ղարաբաղցի՛ եմ, քե՛ մատաղ, ղարաբաղցի՛․․․
– Ի՞նչ գործով ես նստած․․․
– Ի՞նչ գործով,- հեգնում է նա ցրտից սրթսրթալով,- ինչ գործո՜վ․․․ բա ղարաբաղցուն էլ կհարցնե՞ն ինչ գործով ա նստա՜ծ․․․
– Բա ինչո՞ւ չեն հարցնի,- հարցնում եմ ես։
– Բա դու Բալունց Հեթումի անունը չես լսե՞լ․․․
– Չէ, չեմ լսել,- պատասխանում եմ ես և իսկապես չեմ լսել։
– Էդ ես եմ, որ կամ․․․ Բալունց Հեթումին որ նստացրիլ են ոչ՝ աշխարհը վաղուց դարմադաղան էր եղել, քե՛ մատաղ․․․
– Աշխարհը՝ չէ, գուցե Ղարաբա՞ղը,- անցնում եմ ես բանակցության։
– Բա Ղարաբաղն աշխարհ չի, ի՞նչ ա․․․ ինձ ասել են, թե ես ուզալ ըմ Ղարաբաղը պոկեմ Ադրբեջանից ու Հայաստանին կցեմ։ Այ քե մատաղ, ես հի՞նչ կտրող-կցո՜ղ եմ։ Հի՞նչը կտրեմ, հինչի՞ն կցեմ։ Բա սա ասելու բա՞ն ա․․․ Բա սրա համար մարդու կհանեն տնից, հողից, աշխատանքից ու Սիբիրնե՞ր կքշեն․ այ քե մատաղ․․․ էն քորփեն հինչ ա, նա էլ գիտի, որ Ղարաբաղը է՜է՜է՜, աթադան-բաբադան Հայաստան ա եղել ու Հայաստան էլ կա․․․ Ե՞ս պիտի կտրեմ, կցեմ․․․ Բո՜ո՜,- անդրադարձավ նա ատամները ցրտից չխկչխկացնելով,- ցուրտը ջանս մտավ․․․ ես քինացի․․․ տաքերն ընկնեն՝ կնստենք, կխոսենք․․․ ասում եմ՝ տաքերն ընկնեն, միտքս լավ հասկացի․․․ Բալունց Հեթում որ ասում են, ես եմ, իմացած կաց․․․
Ու քամու հետ գլորվելով՝ նաիրյան ոգին տեսիլքի նման դյութական՝ անհետացավ մոտակա գետնափոր բարաքներից մեկում»:
(Գուրգեն Մահարի, «Ծաղկած փշալարեր», Հատվածը վերցված է Wikipedia-ից):
Զ. Շուշեցի