ԱՄՆ-Իրան հակասություններ՝ հայկական հարցերի շուրջ․ ի՞նչ զարգացումներ սպասել

Հայ-ադրբեջանաան բանակցային գործընթացն ու հատկապես՝ դրանում հայկական դիվանագիտությունը բավականին ծանր խնդիրների առջև է կանգնել։

Բանակցությունների ներկայիս փուլում, երբ իբրև թե կողմերը գրեթե պատրաստ են ստորագրել, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիր, ՀՀ իշխանություններից սահմանադրական փոփոխություններ է ակնկալում Ադրբեջանը, իսկ Արևմուտքը համաձայնագրի ստորագրում, Հայաստանով, Ադրբեջանով և Թուրքիայով ճանապարհ, որը կնվազեցնի Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցությունը։ ԱՄՆ-ը չի հստակեցնում՝ խոսքը, մասնավորապես, ինչ ճանապարհի և ճանապարհի ինչպիսի կարգավիճակի մասին է, սակայն ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը դրա մասին խոսում է Միջին միջանցք մեծ պրոյեկտի շրջանակում։

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն առաջիններից է եղել, որը կիրառել է Միջին միջանցք տերմինաբանությունը և «Զանգեզուրի միջանցք»-ը՝ որպես Միջին միջանցքի բաղադրիչ։

Ըստ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման, Հայաստանը կարող է միանալ Միջին միջանցք պրոյեկտին, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին համաձայնություն տալով։

Կարդացեք նաև

Այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցք պրոյեկտը, նույն այդ կոնցեպտի համաձայն, ներառում է ոչ միայն երկաթուղային կապ, այլև ավտոմոբիլային ճանապարհ Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ առանց մաքսային հսկողության ու մաքսատուրքերի։ Սա պետք է դառնա Միջին միջանցքի մաս, որը մուլտիմոդալ տրանսպորտային երթուղի է, որը կապում է Եվրոպան Չինաստանին Կասպից ծովով և Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հետ։

ՀՀ իշխանություններն Ադրբեջանի կողմից այս թեմայի շրջանառության առաջին իսկ օրից ընդգծել են, որ ՀՀ-ն միջանցք չի տրամադրելու Ադրբեջանին։

Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի կապն ապահովել, Հայաստանն ամեն օր էլ պատրաստ է այդ կապն ապահովել, ուստի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Ադրբեջանը կարող է հատել ՀՀ սահմանը և գնալ Նախիջևան։

Եթե ՀՀ իշխանությունների դիրքորոշումն այս հարցի շուրջ վերջին շրջանում չի փոխվել, ապա ՀՀ-ն դեմ է այն մոդելին, որն առաջարկում է Ադրբեջանը։ Սակայն ուշագրավն այն է, որ ԱՄՆ դիվանագետներն օր օրի ավելի ու ավելի շատ են խոսում ճանապարհների բացման կարևորությունից։

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենն օրերս Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Եվրոպայի ապագայի վերաբերյալ լսումների ժամանակ անդրադարձել էր Հայաստան-Ադրբեջան գործընթացներին և ասել, որ վճռականորեն աջակցում են խաղաղության հասնելու Փաշինյանի և Ալիևի ջանքերին։

«Մենք ջանքեր ենք գործադրում, որ հնարավոր համաձայնագիրն արտացոլի երկու երկրների խաղաղության ձգտումները։ Նաև Կենտրոնական Ասիայի երկրներն աներևակայելի հարուստ են, և գլոբալ շուկաներ ելքի նրանց միակ ուղին ներկայումս Ռուսաստանը կամ Չինաստանն են: Եթե կարողանանք Հայաստանով կամ Ադրբեջանով անցնող ճանապարհ բացել, նրանք հասանելիություն կստանան համաշխարհային շուկաներ և շատ ավելի քիչ կախված կլինեն Ռուսաստանից և Չինաստանից»,- կրկնել է ԱՄՆ դիրքորոշումն այս հարցում Օ՛Բրայենը։ Հաղորդակցությունների վերականգնումն իր X-Ի էջում արված գրառմամբ կարևորել էր նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն, անդրադառնալով օրերս հայ-թուրքական սահմանին Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպմանը։

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների վերականգնումն ամենակարևոր տարրերն են առավել կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար»,- գրել էր Կլաարը:

Այս ճանապարհի մասով արևմտյան դիվանագետների դիտարկումներն ավելի ու ավելի պարզ են դառնում։ Արևմուտքից ետ չի մնում նաև Իրանը։ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ին մասնակցեց Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։

Այցի շրջանակներում Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Իրանական կողմի պաշտոնական հայտարարության մեջ նաև նշվում էր, որ Խամենեին վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և հայտարարել. «ԻԻՀ-ն Զանգեզուրի ճանապարհը ի վնաս Հայաստանի է համարում և հաստատակամ է իր այս դիրքորոշման մեջ»: Իրանի հոգևոր առաջնորդը նաև շեշտել էր, որ երկրների անվտանգությունն ու խաղաղությունն ապահովվում է սեփական ուժերին և մերձավորներին ապավինելով, և, որ «երկու երկրների միջև համագործակցությունը հաստատակամորեն կշարունակվի՝ հիմնված սահմանված շահերի վրա և այլոց քաղաքականությունից անկախ»։

168am-ի հետ զրույցում վրացի վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ Հայաստանի Հանրապետության համար երկու կարևոր գործընկերներ լիովին հակադիր կարծիքներ ունեն հայ-ադրբեջանական ներկայիս բանակցությունների մաս կազմող ամենակարևոր՝ հաղորդուղիների բացման թեմայի շուրջ։

Ըստ նրա, իրանական կողմի թափանցիկ արձագանքը թեմային հուշում է, որ թեման մտել է բանակցությունների առարկայական փուլ, ուստի Իրանը սա անհրաժեշտ է համարել շեշտել։

«Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ ԱՄՆ-ը նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ահռելի ջանքեր է ներդնում գործընթացը վերջնական հանգրվան հասցնելու նպատակով։ Այստեղ աշխատանքը կրում է ամենօրյա բնույթ թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ։

Չենք կարող լիովին հասկանալ, թե կոնկրետ ինչ հարցեր են բանակցվում հենց այս փուլում։ Թեև Վաշինգտոնում նախարարների վերջին հանդիպումից հետո մեծ չէր կողմերի ոգևորությունը, այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Վաշինգտոնը չի թուլացնում ջանքերի ինտենսիվությունը և փորձում է հասնել ինչ-որ բանի։ Կհասնի՞, թե՞ ոչ՝ շատ բարդ է ասել։ Սակայն սա շատ ուշագրավ փուլ է։

Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Թուրքիայի միջնորդությամբ Ռուսաստան-Արևմուտք բանտարկյալների պատմական փոխանակում, ակնհայտ է, որ այս գործընթացի ետևում կա ահռելի դիվանագիտական աշխատանք, բանակցություն։

Մերձավոր Արևելքում ևս զարգացումներն անընդհատ ալիքաձև սրվում ու թուլանում են, ներկայումս մենք ապրում ենք սրացման հերթական փուլը՝ պայմանավորված մի շարք սպանություններով։ Այս ամենը, իհարկե, վերաբերում է նաև Հարավային Կովկասին՝ թե բոլոր երկրներին առանձին, թե նաև ՀՀ-Ադրբեջան բանակցություններին»,- ասաց վերլուծաբանը։

Ըստ նրա, սա այնպիսի անկանխատեսելի փուլ է, որ իսկապես բարդ է ասել, թե փակ դռների ետևում ինչ միջնորդությամբ ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։

«Իսկ այն, որ ՀՀ-Ադրբեջան օրակարգն այսօր ավելի լայն գլոբալ օրակարգի կարևոր հարց է՝ փաստ է, այս հակամարտությունն ապրում է իր ամենամիջազգայնացված փուլը։ Բնականաբար, ԱՄՆ-ը շտապում է, սակայն իշխող կուսակցությունը փորձում է ամրապնդել իր դիրքերն ընտրապայքարում վերջին անհաջողություններից հետո, ուստի, իշխող ուժի չփոխվելու դեպքում, ԱՄՆ քաղաքականությունն ու ներգրավվածությունը Հարավային Կովկասում կպահպանվի, ինչն էլ, իհարկե, հանգեցնում է Իրանի, Ռուսաստանի և այլ դերակատարների դիմադրությանը։ Սակայն տպավորություն է, որ ՀՀ-ն այս հարցերում ավելի շատ աշխատում է ԱՄՆ-ի հետ, և բեկման համար ԱՄՆ-ն է, որ պետք է գտնի փոխընդունելի լուծումներ։ Իսկ Իրանը հայտնում է իր դիրքորոշումները, սակայն, կարծում եմ՝ այստեղ այլ զարգացումներ չեն սպասվում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս