Բաժիններ՝

Իտալիայի վարչապետը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում նոր փուլի մասին

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում նոր փուլի մասին, որը կզարգանա «Նոր Մետաքսի ճանապարհի» այլընտրանքային հիմքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո իտալացի լրագրողների հետ զրույցում:

«Մենք առաջարկում ենք «Մետաքսի ճանապարհի» այլընտրանքային մոտեցում: Ես միշտ դեմ եմ եղել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը միանալուն, ուստի դրանից դուրս գալը հետևողական ընտրություն է: Բայց դա միակ միջոցը չէ՝ կառուցելու մեր հարաբերությունները Չինաստանի հետ», – մեջբերում  է նրա խոսքն ANSA գործակալությունը։

Մելոնին հրաժարվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցությունից, որը ստորագրել էր իր նախորդ Ջուզեպպե Կոնտեն։ Ըստ Մելոնիի՝ Իտալիան դրանից չի շահել: Իտալիայի վարչապետը պարզաբանել է, որ իր ստորագրած ծրագիրը «շրջանակային» է, կոնկրետ կետերի վրա կաշխատեն պրոֆիլային նախարարները:

Թեմաներից մեկը կդառնա էլեկտրական ավտոմեքենաների համատեղ արտադրությունը՝ որպես «արդյունաբերական համագործակցության» ուղղություններից մեկը։ 

«Մենք շահագրգռված ենք համագործակցության ընդլայնմամբ, բայց իրավահավասար առևտրի հիմունքներով», – հավելել է Իտալիայի վարչապետը։

Նա առանձնապես ընդգծել է Պեկինի՝ որպես կարևոր միջնորդի դերը «ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստում անկայունության իրադրությունների» կարգավորման գործում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս