««Կուրատորները» պետք է փոխվեն, որ մարդիկ կարողանան իրենց հողը հանգիստ մշակել». Հրաչ Բերբերյանը՝ Կիրանցում ցորենի դաշտերի մասին
Տավուշի մարզում իշխանությունների սկսած սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների արդյունքում Կիրանց գյուղում բնակիչների մի մասը չի կարողանում իր ցանած ցորենը հնձել, քանի որ այդ դաշտերն անցել են Ադրբեջանի հսկողության տակ։ Ադրբեջանի սահմանապահները հայկական կողմին թույլ չեն տվել հնձել ցորենը, ասելով, թե կիրանցեցիները թող հնձեն այն ցորենը, որը փշալարարից այն կողմ է՝ դեպի հայկական հսկողության տակ գտնվող տարածք։ Թե ինչ պետք է անեն բնակիչները, որոնք վարկ են վերցրել, հող են վարել, ցորենի սերմացու գնել՝ դեռ պարզ չէ, գերատեսչություններից որևէ մեկը բնակիչների այս հարցին որևէ պատասխան չի տվել։
168.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այս խնդրի առնչությամբ աաց, որ Կիրանցի այդ բնակիչների հարցերին պետք է պատասխան տան իշխանության ներկայացուցիչները՝ Կառավարության ղեկավարը և Էկոնոմիկայի նախարարությունը, որի կազմում ներառել են նաև գյուղատնտեսության նախարարությունը։
«Եթե թողնեն գյուղացին նորմալ իր հողը մշակի, ապա մենք ինքնաբավ կդառնանք։ Ընդհանուր մեր հացազգիների պաշարը 120 հազար տոննա է, անասնակերն էլ՝ հետը։ Մոտ 450 հազարը գնում է պարենին՝ Հայաստանում օրը 1000 տոննա ցորեն է սպառվում, օրինակ, մակարոնեղեն և այլն։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում, տգիտության արդյունք է, որովհետև այսօր գյուղատնտեսությամբ զբաղվում է Էկոնոմիկայի նախարարությունը, որն իրավունք չունի զբաղվելու գյուղատնտեսությամբ։ Այսինքն՝ կոորդինացնող նախարարությունը միավորեցին պարտադրող նախարարության հետ, նախարար էլ նշանակում են գյուղատնտեսությունից հեռու մարդկանց։ Ի՞նչ էիք սպասում, արդյունքն այսպիսին պետք է լիներ։ Մեր իշխանության ու գյուղատնտեսության ոլորտի «կուրատորները» համապատասխան կրթություն չունեն»,- նշեց Հրաչ Բերբերյանը։
Նա հիշեցրեց, որ իշխանությունը հայտարարում էր, որ ցորեն պետք է ներկրվի Հայաստան, ու ցորենի ցանքատարածությունները պետք է ավելանան։ Երբ հետաքրքրվել են, թե ներկրողներն ովքեր են, նախարարությունից հստակ չեն պատասխանել։
«Պարզ է, չէ՞, որ ներկրողները լինելու են նախարարության սրտի մարդիկ, ու սա բիզնես է այդ մարդկանց համար, ոչ թե գյուղատնտեսության զարգացում։ Մենք այդպես էլ չիմացանք՝ ցորենի ինչ սերմացու բերվեց Հայաստան, ու ով բերեց։ Ոլորտն օրեցօր անկում է ապրում, որովհետև աշխատանքը սխալ է կազմակերպվում՝ պետական միջոցները փոշիացվում են։ Մի գործից չհասկացողին տվել ենք «մերսեդեսի» ղեկը, ասել ենք՝ դաշտը վարի, նա մեքենան հարվածում է պատին ու կոտրում»,- հավելեց Հրաչ Բերբերյանը։
Նրա մեկնաբանությամբ, եթե պատկան մարմինները շարունակեն գյուղատնտեսության ոլորտում այս քաղաքականությունը, տխուր պատկեր է սպասվում, երբ մի կողմից՝ նվազում են ցանքատարածքները, մյուս կողմից էլ՝ ոլորտը մնում է բարձիթողի վիճակում։
«Պետք է արտադրողի շահերը պաշտպանվի, այդ թվում՝ պետք է պաշտպանեն ներքին շուկան։ Այս մարդիկ նույն սխալն անում են բոլոր ոլորտներում, դուք տեսեք, թե հիմա խաղողի մթերման ժամանակ ինչ են անելու։
Կրկնում եմ՝ ներկայիս «կուրատորները» պետք է փոխվեն, որ մարդիկ կարողանան իրենց հողը հանգիստ մշակել՝ պետության աջակցությունն իրենց թիկունքին զգալով»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։