Թույլ չեն տալիս՝ ցորենը հնձենք, ադրբեջանցի սահմանապահն ասում է՝ գնացեք, փշալարից ձեր կողմն ընկած հատվածը հնձեք, սա մերն է արդեն. Կիրանցի բնակիչ

ՀՀ իշխանությունները Կիրանցում սկսած սահմանագծման գործընթացի ավարտից հետո, սկսեցին ճանապարհների փոփոխության գործընթացը: Կիրանց  գյուղով անցնող միջապետական ճանապարհը փակվել էր, ըստ իշխանությունների՝ ժամանակավորապես, և հարակից հատվածով անցնող ճանապարհների նորոգման աշխատանքներ էին ընթանում։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած հայկական տարածքները Կիրանցից բաժանելու համար կառուցվում է հենապատ, այս հատվածը փակում են նաև թիթեղով։ Ընդ որում, այդ պատը կառուցվում է Կիրանցի նորակառույց դպրոցի անմիջապես հարևանությամբ, փաստորեն  շահագործելուց հետո երեխաները պետք է թշնամու զբաղեցրած դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող դպրոց գնան։

Պարզվում է, սակայն,  թնամին իրենց հանձնած տարածքներով չի բավարարվում, նախ՝ թույլ չի տվել բնակիչներին հնձել իրենց ցորենը, որը կամ իր հսկողության տակ է  անցել, կամ սահմանին շատ մոտ է, հետո էլ դժգոհել է ճանապարհին թիթեղ տեղադրելուց։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Կիրանցի բնակիչ Մասիս Ավալյանն ասաց, որ պատասխանատու պաշտոնյաներից որևէ մեկը գյուղ չի գնացել, որպեսզի բնակիչներին բացատրի, թե հիմա թշնամին ինչ է ուզում իրենցից, որ չի թողնում ճանապարհին այդ շինաշխատանքները կատարեն։

«Մի անգամ մարզպետարանից են եկել, որպեսզի ադրբեջանցի սահմանապահների հետ խոսեն, նրանք թույլ տան, որ բնակիչները ցորենը հնձեն, որը թշնամու հսկողության տակ է անցել կամ էլ սահմանին մոտ է, սակայն ապարդյուն։ Նրանք թույլ չեն տվել, ասել են՝ գնացեք, հնձեք այն ցորենը, որը ձեր հսկողության տակ է։

Դուք պատկերացնո՞ւմ եք, մարդը ցորեն է ցանել, իր ապրուստն է դա, ու ինչ-որ մեկի որոշմամբ՝ այդ ցորենից նա զրկվել է։ Իսկ ադրբեջանցի սահմանապահն էլ ասում է՝ գնացեք, փշալարերից ձեր կողմն ընկած հատվածը հնձեք, սա մերն է արդեն»,- նշեց մեր զրուցակիցը։

Մասիս Ավալյանն ասաց՝ որևէ մեկն իրենց չի ասել, թե այն բնակիչները, որոնք իշխանությունների որոշման արդյունքում զրկվել են իրենց ցորենից, ինչ են անելու։

«Մեզ համար հիմա ամեն ինչ անորոշ է, մենք չգիտենք, թե մեզ ինչ է սպասվում։ Բոլորս սպասում ենք այս գործողությունների ավարտին։ Այսինքն՝ պատը կառուցեն, փշալարերը քաշեն ավարտեն, տեսնենք՝ ինչ է սպասվում, որպեսզի հասկանանք՝ հետո ինչ է դառնալու այս գյուղը։ Մենք նույնիսկ չգիտենք՝ միջպետական ճանապարհը մեր գյուղո՞վ է անցնելու, թե՞ Աճարկուտով, այնպես են անելու, որ մարդիկ վախենան մեր գյուղով երթևեկեն, իսկ դա նշանակում է, որ գյուղն այսպես մեկուսանալու է, ընկելու է շրջափակման մեջ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ այս ընթացքում ադրբեջանցիները չեն կրակել, բայց չի բացառվում, որ եթե բնակիչները փորձեն մոտենալ դաշտերին, կրակեն։

«Մարդիկ չգիտեն ինչ անել, չորս տարի է՝ բողոքում են, լսողն ո՞վ է, դրա համար անորոշ վիճակում ենք»,- եզրափակեց Մասիս Ավալյանը։

Հուլիսի 24-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել նախարար Գնել Սանոսյանի,  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի Կիրանց կատարած այցի վերաբերյալ: Ընդամենը կարճ տեղեկություն, որ «դիտարկել են   Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը», իսկ թե ինչ խնդիրների են բախվում բնակիչները, ինչպես պետք է դրանք լուծեն, ոչինչ հայտնի չէ: Կարելի է ենթադրել, որ բնակիչների հետ էլ հանդիպում չի եղել, համենայն դեպս, հաղորդագրությունում որևէ տեղեկություն դրա մասին չկար:

Տեսանյութեր

Լրահոս