Բեռլինի կենտրոնում հսկայական այգիներ կան, բայց չգիտես՝ ինչու, Փաշինյանը որոշեց հեծանիվը վարել ադրբեջանական դեսպանատան մոտակայքում. Արթուր Միքայելյան

Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հանդեպ նաև Սփյուռքում խորացող անվստահության մասին պարբերաբար բարձրաձայնում են աշխարհասփյուռ հայ համայնքների տարբեր ներկայացուցիչներ։

Գերմանաբնակ Արթուր Միքայելյանի գնահատմամբ՝ Գերմանիայի հայ համայնքը ևս հիմնականում թերահավատ է Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ։

Այս իշխանությունների հանդեպ վերաբերմունքը մեծամասամբ նեգատիվ է

Կարդացեք նաև

168.amի հետ զրույցում մեր հայրենակիցը մանրամասնեց. «Այս իշխանությունների հանդեպ վերաբերմունքը մեծամասամբ նեգատիվ է։ 2018 թվականից արդեն կային մարդիկ, որոնք չէին հավատում Նիկոլ Փաշինյանի խոստումներին, կային նաև նրանք, որոնք 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ աջակցել էին Նիկոլ Փաշինյանին, բայց հիմա հասկացել են, թե ինչ է արել, և արդեն խիստ ընդդիմադիր հայացքներ ունեն։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կողմից Գերմանիայում նշանակված դեսպանը մինչ օրս հանդիպում չի ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ. գուցե ինչ-ինչ անհատների հետ հանդիպումներ ունենա, բայց համայնքային միջոցառումներից խուսափում է, որովհետև իրենք հավանաբար հասկանում են, թե ինչ անհարմար դրության մեջ կարող են հայտնվել։ Իսկ եթե նրա ներկայությունը լինում էլ է, կարճ ժամանակով. մի քանի րոպե կանգնելուց հետո հեռանում է»։

Արթուր Միքայելյանը տեղեկացրեց՝ կան տարբեր շրջանակներ, կազմակերպություններ, որոնք աջակցում են Հայաստանում ընդդիմադիր շարժումներին։ Նրանց նպատակն օր առաջ այս իշխանությունների հեռացումն է։ Այս համատեքստում նա հավելեց, որ Սրբազան շարժմանն աջակցելու նպատակով տարբեր հանդիպումներ են եղել նաև Գերմանիայում:

«2024 թվականի հուլիսի 20-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացավ «Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և գործող իշխանությունների դեմ պայքարի նշանակությունը» թեմայով քննարկում, որին ներկա էին սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները, գործող կառույցների ղեկավարները, վարչության անդամները, որոնք մտահոգ էին հայրենիքի ծանրագույն խնդիրներով։ Հստակ արձանագրվեց մեկ բան՝ ՀՀ-ի ներկա իշխանությունների հեռացումն օրվա հրամայական է: Որոշում կայացվեց նաև նման հանդիպումներ անցկացնել Գերմանիայի տարբեր քաղաքներում, համայնքային կառույցներում»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։

 Ֆուտբոլ, հեծանիվ, սուրճՓաշինյան-Հակոբյան զույգի Բեռլինյան այցը, բացի էսթետիկ կողմը, բովանդակային այլ հարցադրումներ է առաջ բերել

Արթուր Միքայելյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի Բեռլինյան այցին, որի մի քանի դրվագներ, այդ թվում՝ հեծանվավարությունը, հանրայնացրել էր ինքը՝ Փաշինյանը։

«Իմ տեղեկություններն իր այցի մասին թեև սահմանափակ են, քանի որ այդ ժամանակ ես Երևանում էի գտնվում, բայց որոշ դրվագներից տեղյակ եմ, օրինակ, որ գնացք նստելուց ու հեծանիվ վարելուց սկսած՝ ամեն ինչ եղել է բեմադրված։

Նույն հեծանիվ քշելու մասին. ամբողջ Բեռլինում, Բեռլինի կենտրոնում հսկայական այգիներ կան, ամբողջ քաղաքում հեծանիվի համար նախատեսված ճանապարհներ են, բայց չգիտեմ՝ ինչու, ինքը որոշեց երկրորդ օրը հեծանիվը վարել ադրբեջանական դեսպանատան մոտակայքում,- նշեց գերմանաբնակ մեր հայրենակիցը, ապա արձագանքելով մեր դիտարկմանը, թե գուցե տեղեկացված չի եղել, որ մոտակայքում Ադրբեջանի դեսպանատունն է գործում, ասաց,- Ինքը տեղեկացված է եղել, քանի որ, եթե շարունակեր ուղիղ գնալ այդ ճանապարհով, հայտնվելու էր հենց այն մայթի վրա, որտեղ ադրբեջանական դեսպանատունն էր, ինքը շրջանցել է և զուգահեռ փողոցով է գնացել։ Եթե անգամ տեղեկացված էլ չէր, ուրեմն արարողակարգի խնդիր ունի, քանի որ նման բանի մասին պետք է, որ տեղեկացված լինի։ Եթե ուղղություն է վերցնում գնալու, պետք է իմանա՝ ուր է գնում. երկրի ղեկավար է»։

Դատարանը 2 տարի գործը քննելուց հետո չբավարարեց ոստիկանության հայցը

Քանի որ դեռ 2022 թվականին ընդդիմադիր շարժմանը մասնակցելու ժամանակ Արթուր Միքայելյանը ահազանգել էր ոստիկանական համազգեստով անձանց կողմից իր նկատմամբ ցուցաբերած ոչ իրավաչափ վարքագծի և դրսևորած բռնության վերաբերյալ, ապա նաև՝ 2022 թվականի մայիսի 27-ին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում դեպքի առթիվ քրեական գործի հարուցման մասին, նրանից հետաքրքրվեցինք այդ գործի ընթացքի մասին ևս։

Ի պատասխան՝ սփյուռքահայ գործիչը տեղեկացրեց․ «Հակակոռուպցիոն կոմիտեն այդ գործը քննեց  «խոշտանգում» հոդվածով, ինչից հետո Ազգային անվտանգության ծառայությունը քննեց նույն հոդվածով, ապա գործն ինչ-որ պահի հայտնվեց Քննչական կոմիտեում, որից ընդամենը շաբաթներ անց՝ կարճվեց։

Բայց ի՞նչն է հետաքրքիր՝ 2022թ․ այդ օրերին ոստիկանությունն ինձ դատի էր տվել՝ պնդելով, թե չեմ ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, ինչի պատճառով էլ ինձ բերման են ենթարկել, սակայն հենց օրերս՝ հուլիսի 19-ին, Վարչական դատարանը մերժեց ոստիկանության հայցը։ Այսինքն՝ ստացվում է, որ ոստիկանութունը բռնություն է կիրառել առանց օրինական պահանջի»։

Արթուր Միքայելյանը փաստաբանի հետ կհստակեցնի սույն գործի վերաբերյալ հետագա քայլերը։

Տեսանյութեր

Լրահոս