Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան ներկայացրել են վեցերորդ սերնդի կործանիչի մոդելը
Մեծ Բրիտանիան, Իտալիայի և Ճապոնիայի հետ միասին Ֆարնբորոյում (հուլիսի 22-26) միջազգային ավիաշոուի ժամանակ ներկայացրել է վեցերորդ սերնդի կործանիչի նոր կոնցեպտուալ մոդելը, որը պատրաստ կլինի մինչև 2035 թվականը։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, BAe Systems պաշտպանական կորպորացիայի ղեկավարներից Հերման Կլասենը լրագրողներին հայտնել է, որ Գլոբալ մարտական օդային ծրագրի (GCAP) նախագծի նախնական աշխատանքները հիմնականում ավարտվել են։
Նրա խոսքով՝ գործընկերները, ներառյալ՝ Mitsubishi Electric Corporation-ը և Leonardo-ն, 2025 թվականին կտեղափոխվեն կործանիչի նախագծման և մշակման փուլ։
Կլասենը նշել է, որ բրիտանացիները սերտորեն համագործակցում են Իտալիայի և Ճապոնիայի արդյունաբերական գործընկերների, ինչպես նաև այդ երեք երկրների կառավարությունների հետ՝ ձևավորելու և համաձայնեցնելու հաջորդ սերնդի մարտական ինքնաթիռների պահանջները:
Ըստ GCAP-ի ներկայացուցիչների՝ մարտական ինքնաթիռը լինելու է աշխարհի ամենաառաջադեմ, փոխգործունակ, հարմարվողական և փոխկապակցված կործանիչներից մեկը։ Այն հագեցած կլինի սպառազինության ինտելեկտուալ համակարգով, ծրագրային ապահովմամբ կառավարվող ինտերակտիվ օդաչուների խցիկով, ներկառուցված սենսորներով և հաջորդ սերնդի հզոր ռադարով, որը կարող է 10000 անգամ ավելի շատ տվյալներ մշակել, քան գոյություն ունեցող համակարգերը, ինչը վճռական առավելություն է տալիս մարտում:
Միացյալ Թագավորությունը, Իտալիան և Ճապոնիան 2022 թվականի դեկտեմբերին պայմանավորվել են համատեղ մշակել նոր սերնդի կործանիչ, որը նախատեսվում է որպես ԱՄՆ-ում և ԵՄ-ում ստեղծված մարտական ինքնաթիռների այլընտրանք։