
Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր երկրի աջակցությունն Ուկրաինային համարել է պատմական պատասխանատվության հարց։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ կանցլերի՝ 2024 թվականին Գերմանիան չի կարող տոնել հուլիսի 20-ը՝ առանց հիշելու Ուկրաինայի խիզախ քաղաքացիներին, ովքեր ավելի քան երկու տարի դիմադրում են ռուսական ագրեսիվ պատերազմին։
«Միայն սեփական պատմության հանդեպ պատասխանատվության զգացումից ելնելով՝ այս դեպքում Գերմանիայի համար հնարավոր է միայն մեկ տարբերակ՝ լինել Ուկրաինայի կողքին»,- ասել է Շոլցը՝ ելույթ ունենալով Բեռլինում Գերմանական դիմադրության հուշահամալիրում՝ 1944 թվականի հուլիսի 20-ին Ադոլֆ Հիտլերի դեմ իրականացված անհաջող մահափորձի 80-ամյակի կապակցությամբ։