Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները ծանոթացել են Ղազախստանի Մանգիստաուի մարզում անցկացվող «Բիռլեստիկ-2024» միջազգային տարածաշրջանային զորավարժությունների ընթացքին։ Այս մասին հաղորդել է Ղազախստանի ռազմական գերատեսչությունը։

«Ղազախստանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովն Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտոնակիցներին ծանոթացրել է վստահված զինվորական ստորաբաժանումների ուսումնամարտական հնարավորություններին և զորավարժությունների անցկացման պայմաններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայության տվյալներով՝ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն այցելել են «Զապադ» օպերատիվ հրամանատարական զորքերի միացյալ խմբավորման կառավարման կետ, որտեղ ծանոթացել են դրա հնարավորություններին և վարժանքների ծրագրին։

Զորավարժությունները տեղի են ունենում Օյմաշա զորավարժարանում, ինչպես նաև Տոկմակ հրվանդանից 2 կմ հեռավորության վրա գտնվող ծովային տեղամասում։ Ըստ սցենարի՝ զորակազմերն անցկացնում են զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողություն։

Զորավարժություններին ներգրավված են շուրջ 4000 զինվորական և մինչև 700 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա:

Տեսանյութեր

Լրահոս