Պատերազմը սկսվելուց ի վեր Ռուսաստանն անվերադարձ լքել է ավելի քան 660 հազար մարդ. The Bell-ի հետազոտությունը
Ուկրաինայում լայնածավալ պատերազմի բռնկման, զորահավաքի և հալածանքների մեկնարկից ի վեր Ռուսաստանն անվերադարձ լքել է շուրջ 666 հազար մարդ։ Դրա մասին ասված է The Bell պարբերականի նախաձեռնած հետազոտության մեջ։
2022 թվականից ի վեր ռուսաստանցիների՝ արտերկիր զանգվածային վերաբնակեցման առումով առաջատար երկրների թվում են առանց վիզայի ուղղությունները, դրանց թվում՝ Հայաստանը (110 հազար), Ղազախստանը (80 հազար), Վրաստանը (74 հազար ռուսաստանցի): The Bell-ի՝ գնահատականներով՝ մշտական բնակության համար Իսրայել է տեղափոխվել շուրջ 80 հազար, իսկ ԱՄՆ՝ մոտ 48 հազար ռուսաստանցի։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում ռուսաստանցիներն ապաստանի խնդրանքով զանգվածաբար դիմում են երկրի իշխանություններին, նշված է պարբերականի հետազոտության մեջ։
Եվրոպական երկրներից ռուսաստանցիներն ամենից հաճախ մեկնել են Գերմանիա (36 հազար մարդ), Լատվիա (18 հազար), Իսպանիա (16 հազար) և Նիդեռլանդներ (12 հազար): Եվրամիությունից դուրս ռուսաստանցիների վերաբնակեցման առումով Սերբիան առաջատարն է Եվրոպայում՝ որտեղ տեղափոխվել է մոտ 30 հազար ռուսաստանցի։
Երկիրը լքած ռուսաստանցիների վերաբնակեցման առումով ևս մեկ հայտնի ուղղություն է դարձել Թուրքիան, որտեղ ռուսները տեղափոխվել են 2022 թվականի սկզբից։ 2024-ի հուլիսի դրությամբ՝ 2022 թվականի սկզբի տվյալների համեմատ, երկրում թուրքական կացության թույլտվություն ունեցող ռուսաստանցիների թիվն աճել է 28 հազարով։
Ինչպես նշում է The Bell-ը, վերջին շրջանում ռուսաստանցիները լքում են Թուրքիան հիմնականում այն պատճառով, որ նրանց բնակության թույլտվություններն այնտեղ չեն երկարաձգվում, միաժամանակ Թուրքիայում կյանքը թանկանում է՝ երկարատև տնտեսական ճգնաժամի հետևանքով։
Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր հայտնի չէ՝ կոնկրետ քանի ռուսաստանցի է երկիրը լքել։ Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես տվյալներ չեն հրապարակում՝ քանի քաղաքացի է հեռացել պատերազմի սկսվելուց հետո, նրանցից քանիսն են վերադարձել և քանիսն են մնացել արտերկրում։
The Bell-ը նշում է, որ չնայած Ռուսաստանի ընդհանուր բնակչության համեմատ հեռացածների փոքր համամասնությանը (0,5%), Ուկրաինայի հետ պատերազմը սկսվելուց ի վեր ռուսաստանցիների արտագաղթը վերջին 20 տարվա ընթացքում դարձավ ամենազանգվածայինն էր։ Դրանից առաջ արտագաղթի ամենամեծ ալիքը համարվում էր 1992-2004 թվականները, երբ երկիրը լքել էր 1,6 միլիոն մարդ։
The Bell-ի հետազոտության շրջանակում հարցված փորձագետները համոզմունք են հայտնել, որ արտագաղթի այս ալիքը Ռուսաստանի տնտեսության, ժողովրդագրության, գիտության և մշակույթի վրա խոր ազդեցություն կթողնի։
Մեծ Բրիտանիայի Նորթումբրիայի համալսարանից ժողովրդագիր Սալավաթ Աբիլկալիկովը նշել է, որ 2022-ի գարնանից սկսված արտագաղթը շատ առումներով ուղեղների արտահոսքի բնույթ ունի։