Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են

Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Տավուշի մարզի Կիրանց համայնքի հատվածում են։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը։

«Թշնամու զորքն արդեն Կիրանցի ներսում է, Աճարկուտի շրջանցիկ ճանապարհից լսվում են նրանց ձայները»,- գրել է Ղազարյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում գյուղի բնակիչները հայտնեցին, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն կամրջի հատվածում են, նաև նորակառույց դպրոցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա են։

«Ամենամեծ խնդիրը դպրոցի հետ է կապված, մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես են երեխաներին դպրոց ուղարկելու»,- նշում են բնակիչները։

Նրանց խոսքով՝ երեկվանից, երբ ադրբեջանցիները գյուղի տարածք մտան, զգուշավոր և «մի գծով էին» քայլում՝ թերևս մտավախություն ունենալով, թե հնարավոր է՝ ականներ լինեն։

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Կիրանց էր այցելել՝ փորձելով պատկերացում կազմել, թե սահմանազատումից հետո ինչն է մնալու Հայաստանում, ինչն է անցնելու Ադրբեջանին։ Տեսանյութում ցուցադրվող ճանապարհով (որտեղով քայլում է Sputnik Արմենիայի թղթակիցը) արդեն ադրբեջանցիներն են քայլում։

Ցուցադրվող տունը, որը ճանապարհին կից էր, թեպետ սահմանազատումից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում է մնացել, սակայն քանդվել է, քանի որ խանգարում էր ճանապարհաշինական աշխատանքներին։

Տեսանյութեր

Լրահոս