
Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ պատրաստ է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, եթե այն միտված լինի Սիրիայի ազգային շահերին։
«Եթե հանդիպումը բխում է երկրի շահերից, ապա ես կանցկացնեմ այն»,- ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, ասել է Ասադը՝ պատասխանելով Էրդողանի հետ հնարավոր հանդիպման մասին լրագրողների հարցին։ Տեսանյութը հրապարակել է Սիրիայի ղեկավարի գրասենյակը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը իր գործընկերների հետ որոշում է Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները կարգավորելու, Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների միջև բանակցություններ վարելու ճանապարհային քարտեզը։ Էրդողանն ասել է, որ Ֆիդանն իրավասու է կազմակերպել իր հանդիպումը Ասադի հետ, հնարավոր է՝ երրորդ երկրում։ Սիրիայի ԱԳՆ-ն պատասխանել է, որ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի այն իրավիճակին վերադառնալու վրա, որը կար մինչև 2011 թվականը։