Կհնչեն հայտարարություններ, որոնք կուղենշեն այն քաղաքական գիծը, որն առկա է լինելու Իրանում․ իրանագետ
Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է գործունեությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մանրամասնելով, որ իրանական կողմը` որպես հավատարմագրման երկիր, «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» շրջանակում անվտանգության ապահովման իր պարտավորությանը համապատասխան, միջոցներ է ձեռնարկել մեր դեսպանատան նոր շենքի առջև դիվանագիտական պահպանություն ապահովելու համար»:
168․am-ի հետ զրույցում իրանագետ Գարիկ Միսակյանը հիշեցնում է՝ դեսպանատան վերաբացման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք էին բերվել դեռ Ռաիսիի ժամանակ, հետևաբար՝ պետք չէ սա պայմանավորել նոր նախագահի գործոնով, կամ քաղաքական կուրսի հնարավոր փոփոխության մասին դիտարկումներով։
«Նոր նախագահի հայտարարություններից դատելով՝ այդքան էլ ակնհայտ չէ, որ որևէ քաղաքական կուրս է փոխվել,- նշեց իրանագետը, ապա անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք նոր քաղաքական իրավիճակում՝ Մասուդ Փեզեշքիանի ընտրությունից հետո, Ադրբեջան-Իրան հարաբերությունները զարգացման միտումներ կարող են ունենալ՝ ի վնաս Հայաստանի, նշեց,- Դա կախված է լինելու նոր կառավարության հետ մեր քաղաքականությունից։ Երկրորդ՝ պետք է սպասել արտաքին գործերի նախարարի հաստատմանը, և նոր հաստատված նախարարի և կառավարության անդամների ու հոգևոր առաջնորդի հետ հանդիպումից․ այնտեղ կհնչեն հայտարարություններ, որոնք կուղենշեն այն քաղաքական գիծը, որն առկա է լինելու Իրանում»։
Հիշեցնենք՝ Մասուդ Փեզեշքիանն ադրբեջանական ծագում ունի․ հայրն ադրբեջանցի է, մայրը՝ քուրդ: Իրանի ընտրված նախագահն ազատորեն խոսում է ադրբեջաներեն և թուրքերեն, ունի ադրբեջանամետ հայացքներ, երկար ժամանակ զբաղվել է Իրանի ազգային փոքրամասնությունների հարցերով։
Դիտարկմանը, թե, ամեն դեպքում, Ադրբեջանում հանրային տարբեր շրջանակներ անթաքույց հրճվանքով են վերաբերվում Իրանում հենց Մասուդ Փեզեշքիանի ընտրությանը, նրա ազգային պատկանելությանը, Գարիկ Միսակյանն արձագանքեց․ «Դա ավելի շուտ քարոզչական բնույթ ունի, քանի որ Իրանի պարագայում ազգային պատկանելության վրա կենտրոնանալն այդքան էլ ճիշտ չէ, և այդքան էլ ճիշտ չէ այն ազգային պատկանելությունը, որն իրենք են ուզում ցույց տալ․ օրինակ, հոգևոր առաջնորդը ևս ատրպատականյան թուրքախոս է ծագումով, բայց դա որևէ կերպ չի անդրադառնում Իրանի արտաքին քաղաքականության վրա։
Նաև Արևմուտքում էին բավականին հրճված Փեզեշքիանի հաղթանակից, բայց նրա հայտարարություններում հստակ նախանշվեցին Ռուսաստան-Չինաստան և դեպի Արևելք համագործակցությունը։ Այսինքն՝ այս փուլում որևէ քաղաքական գծի փոփոխություն չկա․ համենայն դեպս, պետք է սպասել նոր կառավարության ձևավորմանը»։
Հայաստան-Իրան հարաբերությունների մասին իր դիտարկումներում իրանագետը հիշեցրեց երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը, որում, ըստ նրա, Իրանը հավատարմություն հայտնեց նախկինում արված իր գրեթե բոլոր հատարարություններին։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակում էր տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակվողը ճեղքել էր դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության կետը և Կալաշնիկով ինքնաձիգով սպանել անվտանգության ծառայության ղեկավարին։ Հարձակումը հետ մղելիս վիրավորվել էին դեսպանատան անվտանգության ևս երկու աշխատակից։ Այս միջադեպից հետո դիվանագիտական առաքելությունը դադարեցրել էր իր գործունեությունը Թեհրանում։